շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Կանադայում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել

Կանադայում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել

Կանադայի արևմտյան մի քանի նահանգներում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Ուժգին քամիների, չոր եղանակային պայմանների և բարձր ջերմաստիճանի պատճառով կրակը շատ արագ է տարածվում՝ բարդացնելով հրշեջների աշխատանքը։ Հազարավոր բնակիչների տարհանման հրահանգ է տրվել։  Այս մասին հաղորդում է CBC News-ը։

Սասկաչևանի նահանգում հրդեհների պատճառով 30 օրով արտակարգ դրություն է հայտարարվել։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։ Սասկաչևանի ղեկավար Սքոթ Մոն հայտարարել է, որ նահանգի բնակիչները և հրշեջները «վաղուց, եթե ոչ երբեք» չեն բախվել նման ծայրահեղ իրավիճակի։ Մայիսի 29-ի դրությամբ նահանգում 17 ակտիվ անտառային հրդեհ էր մոլեգնում, որոնցից միայն երեքն էին մեկուսացվել։

Հարևան Ալբերտայի նահանգում ևս անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր բնակիչների պարտադիր տարհանման հրահանգ է տրվել։ Մայիսի 29-ի դրությամբ նահանգում մոլեգնում էր 50 հրդեհ, որոնցից 24-ը դասակարգվել էին որպես «վերահսկողությունից դուրս»։

Մանիտոբայի նահանգում ևս արագ տարածվող հրդեհների և ծայրահեղ պայմանների պատճառով 30 օրով արտակարգ դրություն է հայտարարվել։ Մանիտոբայի ղեկավար Վաբ Քինյուն հայտարարել է, որ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում շուրջ 17 000 մարդ կտարհանվի։ Քինյուն նաև նշել է, որ երկրի վարչապետ Մարկ Քարնին բավարարել է նահանգի խնդրանքը և Կանադայի զինված ուժերին կուղարկի օգնության։ 

Ընդհանուր առմամբ, մայիսի 29-ի դրությամբ Կանադայում մոլեգնող հրդեհների թիվը հասել էր 160-ի, որոնց գրեթե կեսը վերահսկողությունից դուրս են։ Երկրում Ազգային պատրաստվածության մակարդակը բարձրացվել է առավելագույն 5-րդ մակարդակի։ 

CNN-ը նշում է, որ Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների վտանգավոր ծուխը սկսում է հասնել Միացյալ Նահանգներ։

 

  • Կիսվել: