Կալիֆոռնիայի հայերին հետապնդող Մեհմեթ Օզի անունը հայտնվել է Էփշթեյնի ֆայլերում
ԱՄՆ առողջապահության նախարարության Medicare եւ Medicaid գործակալությունների ղեկավար Մեհմեթ Օզի անունը հայտնվել է ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի աղմկահարույց թղթապանակում, որը մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների մեջ, տեղեկացրել է NBC News-ը։
Օզի 2016թ․ էլեկտրոնային նամակը Էփշթեյնին, ամենայն հավանականությամբ, երեկույթի հրավեր էր 2016թ․ Սուրբ Վալենտինի օրվա առիթով, Նյու Յորքում սեռական շահագործման նպատակով մարդկանց առեւտրով զբաղվելու դաշնային գործով Էփշթեյնին մեղադրանք ներկայացնելուց երեք տարի առաջ եւ այն բանից ութ տարի հետո, երբ նա իրեն մեղավոր է ճանաչել Ֆլորիդայում՝ 18 տարեկանից երիտասարդ անձին մարմնավաճառության դրդելու համար։
«Մեհմեթ եւ Լիզա Օզերը նշում են սուրբ Վալենտինի տոնը»,- նշված է էլեկտրոնային նամակի թեմայում, որն ուղարկվել է Էփշթեյնին 2016թ․ փետրվարին։
Էլեկտրոնային նամակում հղում կա էլեկտրոնային փոստով ուղարկված հրավերին, որն այլեւս ակտիվ չէ։
Էլեկտրոնային նամակի մյուս հղումը, ըստ երեւույթին, մատնանշում է միջոցառման հասցեն Փալմ Բիչում, որտեղ ապրում էր զույգը։ Պարզ չէ, թե արդյոք Էփշթեյնը ներկա գտնվել է միջոցառմանը։
Էփշթեյնի ֆայլերն ուսումնասիրած հեռուստաալիքը պարզել է, որ Օզից բացի, առնվազն վեց բարձրաստիճան պաշտոնյա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկա վարչակազմում կապեր է ունեցել դատապարտված ֆինանսիստի հետ։
Հիշեցնենք, որ Կալիֆոռնիա կատարած ուղեւորության ժամանակ Մեհմեթ Օզը մի շարք հայատյաց հարձակումներ է կատարել՝ անհիմն պնդելով, որ տեղի բիզնեսները զբաղվում են խարդախություններով՝ կապված բժշկական ապահովագրության հետ։
Նա անցել է Վան Նայս շրջանի փողոցներով, որտեղ տեղակայված են հայկական խանութները՝ հայտարարելով, որ հայերեն ցուցանակները գրված են «կյուրեղյան» տառերով։
Բացի այդ, դեռեւս դրանից առաջ, մամուլի ասուլիսում, Օզը անհասկանալի ակնարկներ էր արել՝ խոսելով «հայ-ռուսական մաֆիայի» «օտարերկրյա ազդեցության» մասին։
Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը հայտնել է, որ իր գերատեսչությունն ուշադիր ուսումնասիրում է տեսանյութը, որը նկարահանել է դոկտոր Մեհմեթ Օզը Սան Ֆերնանդո հովտում, եւ քննում է տեղեկություններն այն մասին, որ նա թիրախավորել է տեղի հայ-ամերիկյան համայնքը։
Օզի դեմ բազմաթիվ բողոքներ եւ հանրագրեր են տրվել։


