Իտալիայի ՊՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունները. մանրամասներ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հասցեին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարելով, որ Եվրոպան փաստացիորեն «Միացյալ Նահանգների ուժի ցուցադրման հարթակ է»։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Նշվում է, որ նա պնդել է, որ ամերիկյան հարյուրավոր ինքնաթիռներ օգտագործել են Իտալիայի բազաները՝ Իրանի դեմ գործողության շրջանակում թռիչքներ իրականացնելու համար, իսկ եվրոպական բազաներից իրականացված թռիչքների ընդհանուր թիվը հասնում էր հազարների։
Ըստ նրա՝ գործողության ընթացքում Իտալիայի բազաներից օդ է բարձրացել մոտ 500 ամերիկյան ինքնաթիռ, իսկ ընդհանուր առմամբ եվրոպական տարածքներից արձանագրվել է 4- 5 հազար մարտական թռիչք։
Իր հերթին Իտալիայի Պաշտպանության նախարարությունը քննադատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությունները, որոնք արվել են Իրանի հետ պատերազմի ժամանակ երկրի տարածքում ամերիկյան ռազմաբազաների օգտագործման վերաբերյալ քաղաքականապես զգայուն հարցի ֆոնին:
Այսպես՝ իտալական գերատեսչությունը հայտարարել է, որ Ռյուտեի խոսքերը մոլորության մեջ գցող են։ Պաշտոնական հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իտալիան գործող համաձայնագրերի շրջանակում ԱՄՆ-ին թույլատրել է միայն «տեխնիկական և լոգիստիկ» թռիչքներ և չի արտոնել մարտական առաքելություններ։
Դրանից բացի՝ իտալական կողմը նաև նշել է, որ այս պայմանների շրջանակից դուրս եկող ցանկացած հարցում չի արժանացել կառավարության հավանությանը, քանի որ նման որոշումները պահանջում են առանձին համաձայնեցում՝ ներառյալ խորհրդարանական վերահսկողություն։
Ավելի ուշ ՆԱՏՕ-ում պարզաբանել են, որ Ռյուտեի խոսքերը վերաբերել են հենց լոգիստիկ և տեխնիկական աջակցությանը, այլ ոչ թե մարտական գործողություններին Իտալիայի ուղղակի մասնակցությանը։
Ֆրանսպրես գործակալությունը նկատում է, որ այս տարաձայնությունների ֆոնին նկատվում է նաև լարվածություն ԱՄՆ-ի և Իտալիայի հարաբերություններում: Մասնավորապես՝ ավելի վաղ Թրամփը քննադատել էր Հռոմին Իրանում ամերիկյան գործողություններին ոչ բավարար աջակցություն ցուցաբերելու համար, ինչն արդեն իսկ հանրային վեճերի պատճառ էր դարձել Վաշինգտոնի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի միջև։


