Իտալական Կրեմոնայի միջնադարյան տաճարն ու քաղաքապետարանի աշտարակը վնասվել են հզոր փոթորիկի հետևանքով
Ուժեղ փոթորիկը վնասել է իտալական Կրեմոնայի պատմական շենքերը, այդ թվում՝ միջնադարյան մայր տաճարը և քաղաքապետարանի աշտարակը, հայտնում է Agenzia Nova-ն։
Օգոստոսի 28-ի երեկոյան քաղաքն ու շրջակայքը հայտնվել են ուժեղ քամով և կարկուտով ուղեկցվող հզոր փոթորկի ազդեցության տակ, հաղորդվել է նաև տորնադոյի մասին։
Մայր տաճարի սրաձողերից մեկը վնասվել է, իսկ քաղաքապետարանի աշտարակի տանիքային կառուցվածքի մի մասը փլուզվել է։ Փրկարարները շարունակել են աշխատել դեպքի վայրում՝ նախևառաջ ամրացնելով վնասված տանիքները և հեռացնելով տապալված կամ վտանգավոր ծառերը։
Ուժեղ քամին և կարկուտը վնասել են նաև Լոմբարդիայի այլ շրջանների տանիքները, պատուհանները և ենթակառուցվածքները։ Բրեշիայի մերձակայքում, ԶԼՄ-ների հաղորդմամբ, կարկուտի հատիկները թենիսի գնդակի չափ են եղել։
Երեկոյան հրշեջ-փրկարարական ծառայությունը տարածաշրջանում ստացել է ավելի քան 300 ահազանգ։ Անբարենպաստ եղանակի հետևանքների վերացման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 160 հրշեջ, այդ թվում՝ հարևան նահանգներից ժամանած աշխատակիցներ։ Ամենալուրջ իրավիճակը ստեղծվել է Կրեմոնայի շրջանում։
Կրեմոնայի տաճարը Լոմբարդիայի ամենանշանավոր միջնադարյան տաճարներից մեկն է։ Դրա շինարարությունը սկսվել է XII դարում։ Տաճարի կողքին գտնվում է Տորացցոն՝ ավելի քան 112 մետր բարձրությամբ հայտնի զանգակատունը, որը քաղաքի խորհրդանիշներից մեկն է։



