Իսրայելը վերահսկում է Գազայի հատվածի տարածքի 60 տոկոսը. Նեթանյահու
Իսրայելական զինված ուժերն այժմ վերահսկում են Գազայի հատվածի տարածքի 60 տոկոսը: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացնում է Ֆրանսպրեսը՝ նշելով, որդա վկայում է զորքերի ներկայության ընդլայնման մասին ավելի մեծ տարածքում, քան նախատեսված էր հրադադարի հոկտեմբերյան ծրագրով:
Նշվում է, որ հինգշաբթի Երուսաղեմի օրվան նվիրված միջոցառման ժամանակ Նեթանյահուն, մասնավորապես, նշել է. «Վերջին երկու տարվա ընթացքում մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, թե ինչպիսի հզոր ուժեր են թաքնված մեր ժողովրդի, մեր պետության, մեր բանակի, մեր ժառանգության մեջ: Մենք տուն վերադարձրինք մեր բոլոր պատանդներին՝ մինչև վերջին մարդը։ Կային մարդիկ, որոնք ասում էին՝ հեռացե՛ք, հեռացե՛ք։ Մենք չէինք կարող դուրս գալ։ Այսօր մենք վերահսկում ենք 60 տոկոսը, վաղը կտեսնենք»։
Ըստ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև ԱՄՆ միջնորդությամբ կնքված և հոկտեմբերից գործող հրադադարի համաձայնագրի պայմանների՝ իսրայելական զորքերը պետք է հետ քաշվեին Գազայում այսպես կոչված «դեղին գծից»՝ իրենց վերահսկողության տակ թողնելով պաղեստինյան տարածքի ավելի քան 50 տոկոսը։
Նեթանյահուի հայտարարությունը դարձավ առաջին պաշտոնական վկայությունն այն մասին, որ Իսրայելի զինված ուժերն ընդլայնում են իրենց ներկայությունը՝ վերջին շաբաթներին լրատվամիջոցներում հայտնված այն լուրերից հետո, ըստ որոնց իսրայելական զորքերն առաջ են շարժվում դեպի նոր՝ այսպես կոչված «նարնջագույն գիծ»։


