Իսրայելը մտադիր է մոտակա 24 ժամվա ընթացքում ակտիվ գործողություններ ձեռնարկել Թեհրանի ուղղությամբ․ The Jerusalem Post
Իսրայելի անվտանգության պաշտոնյաները հայտարարել են, որ հրեական ռազմաօդային ուժերն այժմ կարող են անարգել հասնել մինչև Իրանի մայրաքաղաք Թեհրան այն բանից հետո, երբ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի մեծ մասը շարքից դուրս է բերվել։
Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ մատնանշելով, որ Սիրիայի ռազմական կարողությունների, այդ թվում՝ «Հեզբոլլահի» դիրքերի թուլացումն ընդլայնել են Իսրայելի գործողությունների շառավիղը և կրճատել դեպի Իրան թռիչքների ուղիները։
Նշվում է, որ, օրինակ, մոտ երկու տարի առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը լուրջ սահմանափակումների էին բախվում Լիբանանի և Սիրիայի վրայով գործողությունների ժամանակ։
«Թեհրան տանող ճանապարհը հարթված է»,-հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը։
Հրեական պարբերականի դիտարկմամբ՝ այս հայտարարությունն արտացոլում է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայիս օդային գերիշխանությունը և ազդարարում է ռազմավարական տեղաշարժի մասին։
Իսրայելի ռազմական պաշտոնյաների խոսքով՝ կանխատեսվում է, որ օդային գործողությունների տեմպը շուտով կարագանա։
Իսրայելական հետախուզության պաշտոնյաներն ընդգծել են, որ գիտական ղեկավարությունը կարևոր է միջուկային ծրագրերի նման բարդ գործընթացի վերահսկման համար, և դրա բացակայությունը Իրանի համար կբարդացնի հետագա գործողությունների համակարգումը:
Նշվում է, որ ըստ ռազմական գնահատականների՝ Իրանը շարունակում է խիստ խոցելի մնալ հետագա հարվածների նկատմամբ, մասնավորապես՝ Թեհրանում, որտեղ առաջիկա 24 ժամվա ընթացքում սպասվում են Իսրայելի կողմից ավելի ակտիվ գործողություններ: Բացի այդ, նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզական ստորաբաժանումը նշանակալի առաջընթաց է գրանցել իրական ժամանակում հետախուզական տվյալների հավաքագրման գործում, ինչը հնարավորություն է տալիս ճշգրիտ թիրախավորել անհատներին և ռազմավարական ակտիվները, այդ թվում՝ շարժական արձակման համակարգերը, երբ դրանք շարժման մեջ են: