երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել

Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել

Իսրայելական ուժերը Լիբանանի հարավում գտնվող տարբեր շրջանների ուղղությամբ մի շարք հարձակումներ է իրականացրել՝ չնայած ԱՄՆ-ի և Իրան-ի միջև համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը, որն, ըստ Թեհրանի, կներառի Լիբանանի վրա հարձակումների դադարեցում։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի բանակը Հարիս-Թիբնին ճանապարհին ականապատված և հեռակառավարվող մեքենա է պայթեցրել: Երկու հարված է հասցվել Խիամ շրջանին։

Բացի այդ, Քֆար Թեբնիտ և Նաբատիե ալ-Ֆաուկա բնակավայրերը նույնպես ենթարկվել են իսրայելական ուժերի հրետակոծության։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ Լիբանանի հարավում թիրախավորել է իսրայելցի զինվորների հավաքատեղիները և նրանց տրանսպորտային միջոցները։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3783-ի, իսկ վիրավորներինը՝ 11699-ի։

 

  • Կիսվել: