Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարի հարվածելու մասին
Իսրայելի բանակը հայտարարել է, որ օգոստոսի 19-ին Գազայի հատվածում իրականացված երկու առանձին ավիահարվածների թիրախում եղել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարներ, գրում է AP-ն։
Իսրայելական կողմի տվյալներով՝ հարվածներից մեկը հասցվել է Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Նուսեյրաթում։ Բանակը պնդում է, որ թիրախավորված հրամանատարը մասնակցել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավի վրա ՀԱՄԱՍ-ի գլխավորած հարձակմանը։
Երկրորդ հարվածը հասցվել է Գազա քաղաքի Թուֆահ շրջանում։ Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության համաձայն՝ այնտեղ թիրախավորվել է ՀԱՄԱՍ-ի մեկ այլ հրամանատար, որը, իսրայելական կողմի պնդմամբ, ծրագրում էր հարձակումներ Գազայի հատվածում գործող իսրայելական զինվորականների դեմ։
Պաղեստինյան Կարմիր մահիկի հաղորդմամբ՝ Գազա քաղաքում ոստիկանության օբյեկտին հասցված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ, ևս 15-ը վիրավորվել են։ Նուսեյրաթում հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել։
Նախօրեին ևս Իսրայելը հարված էր հասցրել Գազա քաղաքի նավահանգստի տարածքին։ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ թիրախում եղել են ՀԱՄԱՍ-ի «Նուխբա» ստորաբաժանման հրամանատարներ և այլ զինյալներ։ Պաղեստինյան աղբյուրների տվյալներով՝ այդ հարվածի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել և 14-ը՝ վիրավորվել։



