Իսրայելում Իրանի իրականացրած հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 63-ի
Իսրայելում իրանական բալիստիկ հրթիռային հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 63-ի, հաղորդում է The Times of Israel-ը։
Իսրայելը ուրբաթ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին։ Գործողության թիրախը Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներն են։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Նաթանզի և Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտներին, Քերմանշահում և Խորամաբադում տեղակայված հրթիռային բազաներին, ինչպես նաև Թեհրանում, Սպահանում, Թավրիզում և Իրանի այլ խոշոր քաղաքներում։
Հարձակումների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին, գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ Խաթամ ալ-Անբիա հակաօդային պաշտպանության բազայի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ-Ալի Ռաշիդը և այլ բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև վեց միջուկային գիտնականներ։ Պայթյուններ են գրանցվել նաև Նաթանզի միջուկային օբյեկտում։ Իսրայելի իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 78 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը։