երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Իսրայելն ու Իրանը համաձայնության հասնելու համար պետք է «ավարտին հասցնեն վեճը». Թրամփ

Իսրայելն ու Իրանը համաձայնության հասնելու համար պետք է «ավարտին հասցնեն վեճը». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու համար երկրներին պետք է թույլ տալ «ավարտին հասցնել վեճը»։

Ինչպես տեղեկանում ենք  France24 պարբերականից, այս մասին ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել է Կանադա ուղևորվելիս, որտեղ մասնակցելու է G7-ի գագաթնաժողովին։

«Հուսով եմ, որ համաձայնությունը ձեռք կբերվի։ Կարծում եմ՝ համաձայնության ժամանակը եկել է։ Տեսնենք, թե ինչպես կլինի, բայց երբեմն դրա համար հարկավոր է ավարտին հասցնել վեճը», – ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ արդյոք ինքն Իսրայելին խնդրել է դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները։Ավել վաղ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն AFP գործակալությանը հայտնել էր, որ Թրամփը թույլ չի տվել Իսրայելին իրագործել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու պլանը։

Ավելի վաղ Թրամփն արդեն վստահություն էր հայտնել, որ Իրանն ու Իսրայելը շուտով կկարողանան համաձայնության հասնել հակամարտության կարգավորման շուրջ։

«Իսրայելը և Իրանը պետք է համաձայնության հասնեն և համաձայնության կհասնեն, – գրել է Թրամփն իր Truth Social հարթակում։

Մենք շուտով կունենանք խաղաղություն Իսրայելի և Իրանի միջև։ Այժմ բազմաթիվ հեռախոսազանգեր և հանդիպումներ են տեղի ունենում» ։

Լույս հունիսի 13-ի գիշերը Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Իրանին։ Գործողության հայտարարված նպատակն էր խափանել Թեհրանի աշխատանքը միջուկային ծրագրի վրա։ Ի պատասխան՝ իրանական կողմը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին։ Հարվածների փոխանակումը շարունակվում է մինչև այժմ։

  • Կիսվել: