կիրակի, սեպտեմբեր 27
27 / 9 / 2026
Իսրայելի պաշտպանության նախարարը կարգադրել է Արևմտյան ափի բնակավայրերը փակել պաղեստինցի աշխատողների համար

Իսրայելի պաշտպանության նախարարը կարգադրել է Արևմտյան ափի բնակավայրերը փակել պաղեստինցի աշխատողների համար

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կարգադրել է Սուկոտ հրեական տոնի ընթացքում ժամանակավորապես սահմանել Արևմտյան ափի «լիակատար փակում»՝ արգելելով պաղեստինցի աշխատողների մուտքը իսրայելական բնակավայրեր, հայտնում է The Times of Israel-ը։

Նախարարը տեղեկացրել է, որ համապատասխան միջոցը խորհուրդ էր տվել Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը՝ տարածքում լարվածության աճի ֆոնին։

«Այս կարգադրության շրջանակում պաղեստինցի աշխատողներին չի թույլատրվի Սուկոտի տոնի ընթացքում մուտք գործել Հրեաստանի և Սամարիայի համայնքներ», — հայտարարել է Կացը՝ օգտագործելով Իսրայելում ընդունված Արևմտյան ափի աստվածաշնչյան անվանումը։

Սուկոտ տոնը կավարտվի շաբաթ օրը՝ Սիմխատ Թորա տոնով։

Միևնույն ժամանակ սահմանափակումները չեն տարածվի բոլոր աշխատողների վրա։ Կացը հայտարարել է, որ «անհրաժեշտ աշխատողներին» թույլատրվելու է մուտք գործել Արևմտյան ափի արդյունաբերական գոտիներ՝ համաձայն ՑԱՀԱԼ-ի Կենտրոնական հրամանատարության անվտանգության ցուցումների։

Լրացուցիչ բացառություններ, ըստ նախարարի, կարող են տրամադրվել՝ Իսրայելի՝ Գերագույն դատարանի առջև ստանձնած պարտավորություններին համապատասխան։

Անցյալ տարվա տվյալներով, շուրջ 9 հազար պաղեստինցի ուներ թույլտվություն իսրայելական բնակավայրերում կամ դրանց հարակից արդյունաբերական գոտիներում աշխատելու համար։

Որոշումն ընդունվել է Արևմտյան ափում լարվածության սրման ֆոնին։ Իսրայելի իշխանությունները պարբերաբար պաղեստինցիների տեղաշարժի սահմանափակումներ են սահմանում անվտանգության բարձր ռիսկերի ժամանակաշրջաններում, մասնավորապես՝ խոշոր հրեական տոների ընթացքում։

  • Կիսվել: