Իսրայելի հարձակումը Իրանի վրա կարող է հանգեցնել խոշոր հակամարտության. Օմանի ԱԳՆ
Օմանը դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա, որը, ըստ այդ երկրի ԱԳՆ-ի, կարող է հանգեցնել խոշոր հակամարտության և խոչընդոտում է Վաշինգտոնի ու Թեհրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին ասվում է Օմանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը միջնորդ է հանդես գալիս Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու բանակցային գործընթացում։
«Այս հարձակումը տեղի է ունենում չափազանց զգայուն պահին, քանի որ ակտիվացել են Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև միջուկային բանակցությունների վերսկսմանն ուղղված միջազգային ջանքերը: Սա ակնհայտորեն վկայում է դիվանագիտական գործընթացը խափանելու և ավելի լայն հակամարտություն հրահրելու միտումնավոր ձգտման մասին, որը սարսափելի հետևանքներ կունենա տարածաշրջանային և միջազգային կայունության համար»,- նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների 6-րդ փուլը նախատեսված է հունիսի 15-ին` Օմանում։