Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղության համաձայնագիրը հասանելի է, բայց դա բարդ գործընթաց կլինի. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղության համաձայնագիրը կարող է ձեռք բերվել, սակայն այդ գործընթացը հեշտ չի լինի և Լիբանանից կպահանջի կարողությունների հզորացում «Հըզբոլլահ» շարժման դեմ պայքարում. հայտնում է CNN-ը:
«Կարծում եմ, որ Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագիրը չափազանց հասանելի է և պետք է լինի այդպիսին,- ասել է Ռուբիոն Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:- Իսրայելի և Լիբանանի միջև խնդիրը ոչ թե Իսրայելն է կամ Լիբանանը, այլ «Հըզբոլլահը»»։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ սա շարունակվում է շատ երկար ժամանակ։
«Ինչի՞ հույս ունենք մենք։ Մենք հույս ունենք, որ մեր միջնորդությամբ Լիբանանի և Իսրայելի կառավարությունները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ այդ նպատակին հասնելու համար, իսկ դրա համար անհրաժեշտ են լիբանանյան զինված ուժեր և լիբանանյան կառավարություն, որոնք ոչ միայն պատրաստ են, այլև ունակ են պայքար սկսել «Հըզբոլլահի» դեմ և զինաթափել»,- ասել է Ռուբիոն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ ամիս հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին և նշել, որ մարտական գործողությունների վերջնական դադարեցումը կքննարկվի Վաշինգտոնում երկու երկրի առաջնորդների անձնական հանդիպման ժամանակ։ Սակայն առայժմ առաջնորդների միջև այդ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։
Այդուհանդերձ, Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ-ը «շատ հանձնառու է այս գործընթացին»:
«Դա հեշտ չի լինի»,- ասել է նա՝ հավելելով, որ «դա շարունակվում է արդեն շատ երկար ժամանակ»։
«Մենք մտադիր ենք անել այն ամենը, ինչ մեր ուժերի սահմաններում է, որպեսզի երկու կողմն էլ շարունակի բանակցությունները, որպեսզի հնարավոր լինի առաջընթաց գրանցել մշտական հրադադարի ինչ-որ ռեժիմի հաստատման հարցում, որն անընդհատ չի խախտի «Հըզբոլլահը» և չի ենթարկվի «Հըզբոլլահի» բռնությանը»,- նշել է նա:


