երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Իսրայելական ուժերը նպատակաուղղված կերպով թիրախավորել են Գազայում և Արևմտյան ափին գտնվող պաղեստինցի երեխաներին․ ՄԱԿ-ի զեկույց

Իսրայելական ուժերը նպատակաուղղված կերպով թիրախավորել են Գազայում և Արևմտյան ափին գտնվող պաղեստինցի երեխաներին․ ՄԱԿ-ի զեկույց

ՄԱԿ-ի հետաքննող հանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելը թիրախավորված հարվածներ է հասցնում պաղեստինցի երեխաներին, ինչը, ըստ կառույցի, Գազայի հատվածում հանգեցնում է ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև բռնազավթված Հորդանան գետի արևմտյան ափին պատերազմական հանցագործությունների։ Այս մասին հայտնում է «BBC News»-ը։

Նոր զեկույցում նշվում է, որ Իսրայելի իշխանություններն ու անվտանգության ուժերը «դիտավորյալ իրականացրել են գործողություններ, որոնք հարյուր հազարավոր պաղեստինցի երեխաների մահվան, ինչպես նաև ծանր ֆիզիկական ու հոգեկան վնասների պատճառ են դարձել»։ Ընդ որում, ըստ զեկույցի, սպանությունները շարունակվել են նույնիսկ հոկտեմբերին Գազայում հաստատված զինադադարից հետո։

Հանձնաժողովը հայտարարում է, որ բավարար հիմքեր ունի կարծելու, որ այս գործողությունները «կանխամտածված ռազմավարության մաս են՝ ուղղված երեխաների թիրախավորման միջոցով Գազայում պաղեստինցիների ապագան ոչնչացնելուն»։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «լիովին մերժում է» հանձնաժողովի զեկույցը՝ այն անվանելով «զրպարտչական հորինվածք» և «քարոզչական նյութ, որը նույնքան վրդովեցուցիչ է, որքան նախորդները»։

Իսրայելական բանակը Գազայում ռազմական գործողությունները սկսեց ի պատասխան 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի աննախադեպ հարձակման։ Իսրայելի հարավում տեղի ունեցած այդ հարձակման հետևանքով մոտ 1200 մարդ էր զոհվել, ևս 251-ը՝ գերի վերցվել։

Այդ ժամանակից ի վեր, Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհվել է առնվազն 73035 մարդ, այդ թվում՝ ավելի քան 21280 երեխա։

Պաղեստինի բռնազավթված տարածքներում և Իսրայելում ՄԱԿ-ի միջազգային անկախ հետաքննող հանձնաժողովը ստեղծվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2021 թվականին՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների հնարավոր խախտումներն ուսումնասիրելու նպատակով։ Երեք հոգուց բաղկացած փորձագիտական այս խումբը պաշտոնապես չի ներկայացնում ՄԱԿ-ը։

Անցյալ տարվա սեպտեմբերին հանձնաժողովը Իսրայելին մեղադրել էր Գազայում պաղեստինցիների դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ՝ հայտարարելով, որ բավարար հիմքեր կան կարծելու, որ կատարվել են 1948 թվականի Ցեղասպանության կոնվենցիայով սահմանված հինգ գործողություններից չորսը։ Իսրայելն այն ժամանակ կտրուկ հերքել էր այդ մեղադրանքները՝ դրանք անվանելով կողմնակալ և կեղծ։

Ավելի վաղ հանձնաժողովը նաև եզրակացրել էր, որ ՀԱՄԱՍ-ը և պաղեստինյան այլ զինված խմբավորումները 2023 թվականի հոկտեմբերի 7-ին կատարել են պատերազմական հանցագործություններ և միջազգային իրավունքի այլ ծանր խախտումներ, իսկ Իսրայելի անվտանգության ուժերը մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործություններ են գործել Գազայում։

Անցյալ տարվա հոկտեմբերին Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը զինադադարի շուրջ համաձայնության էին եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատերազմն ավարտելու ծրագրի շրջանակներում։ Այդ ժամանակից ի վեր կողմերը միմյանց բազմիցս մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1020 պաղեստինցի, այդ թվում՝ 265 երեխա, իսկ իսրայելական բանակը հայտնում է չորս զինվորի մահվան մասին։

Երեքշաբթի օրը հանձնաժողովը կից հայտարարության մեջ նշել է, որ Գազայում իսրայելական ռազմական գործողությունների «ինտենսիվ ծավալն ու համակարգված բնույթը» շարունակվել են՝ հանգեցնելով «պաղեստինցի երեխաների աննախադեպ մահերի, վիրավորումների ու վնասվածքների»։

«Նույնիսկ 2025 թվականի հոկտեմբերի զինադադարից հետո երեխաները շարունակում են զոհվել և ծանր վնասվածքներ ստանալ, քանի որ Իսրայելը շարունակում է արհամարհել հրադադարի պայմաններն ու պաղեստինցի երեխաներին պաշտպանելու վերաբերյալ միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները», — հայտարարել է հանձնաժողովի նախագահ Շրինիվասան Մուրալիդհարը։

Նա հավելել է, որ «պաղեստինցի երեխաների պաշտպանությունը, խնամքն ու գոյատևումն անբաժանելի են պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքից», և որ «թիրախավորելով երեխաներին՝ Իսրայելը հարվածում է հենց պաղեստինցի ժողովրդի գոյության և սեփական ապագան որոշելու կարողությանը»։

Հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ Իսրայելն ուղղակիորեն թիրախավորել է Գազայի երեխաներին՝ կիրառելով ճշգրիտ զենքեր, այդ թվում՝ կվադրոկոպտերներ (դրոններ) ու դիպուկահարներ, ինչպես նաև հզոր զինամթերք է օգտագործել բնակելի տների, դպրոցների և տեղահանվածների ճամբարների վրա հարձակվելիս։

Զեկույցում ասվում է նաև, որ Իսրայելը իրավական պատասխանատվություն է կրում Հորդանան գետի արևմտյան ափին զինվորների ու վերաբնակիչների հարձակումներից պաղեստինցի երեխաներին չպաշտպանելու համար։

Բացի այդ, ընդգծվում է, որ Գազայի և Արևմտյան ափի երեխաները, հատկապես դեռահաս տղաները, «իսրայելական բանտերում և կալանավայրերում ենթարկվել են ձերբակալությունների, խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի»։ Փաստաթղթում արձանագրվել են նաև «պաղեստինցի երեխաների նկատմամբ սեռական և գենդերային հիմքով բռնության դեպքեր, որոնք հաճախ տեղի են ունեցել ձերբակալությունների կամ կալանքի տակ պահելու ընթացքում»։

Ըստ զեկույցի՝ Գազայի նորածնային և մանկական հիվանդանոցներին հասցված հարվածները «համակարգված կերպով զրկել են երեխաներին կենսական նշանակություն ունեցող բժշկական օգնությունից՝ վտանգելով նրանց գոյատևումը՝ որպես պաշտպանված խմբի»։

Իսրայելը մեղադրվում է նաև սովը որպես պատերազմի վարման մեթոդ օգտագործելու մեջ։ Հանձնաժողովի պնդմամբ՝ մարդասիրական օգնության սահմանափակումները «Գազայի երեխաների շրջանում հանգեցրել են սուր և քրոնիկ թերսնման»։

Բացի այդ, նշվում է, որ դպրոցների վրա հարձակումների, բնակչության զանգվածային տեղահանման և կրթական հաստատությունների փակման միջոցով իսրայելական իշխանությունները «համակարգված կերպով խաթարել են երեխաների կրթություն ստանալու հնարավորությունը՝ հարվածելով պաղեստինյան հասարակության մտավոր և սոցիալական հիմքերին»։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է զեկույցը՝ հայտարարելով, որ հանձնաժողովը «խորապես թերի մի մեխանիզմ է, որի նպատակն է առանձնացնել ու վարկաբեկել Իսրայելը, այլ ոչ թե փնտրել ճշմարտությունը»։ Գերատեսչությունը հավելել է, որ զեկույցը «լիովին անտեսում է իսրայելցի երեխաներին, որոնք դաժանորեն սպանվել, առևանգվել և հարձակման են ենթարկվել ՀԱՄԱՍ-ի կողմից»։ Նախարարությունը նաև մեղադրել է հանձնաժողովին հայտարարությունների ստուգման հավաստի մեխանիզմ չունենալու մեջ։

Ըստ news.am-ի:

  • Կիսվել: