ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Իսրայելական ուժերը դուրս չեն բերվի հարավային Լիբանանի տարածքից՝ հակառակ ԱՄՆ-ի և Իրանի ճնշումներին. Նեթանյահու

Իսրայելական ուժերը դուրս չեն բերվի հարավային Լիբանանի տարածքից՝ հակառակ ԱՄՆ-ի և Իրանի ճնշումներին. Նեթանյահու

Իսրայելական ուժերը դուրս չեն բերվի հարավային Լիբանանի տարածքից՝ հակառակ ԱՄՆ-ի և Իրանի ճնշումներին, ինչպես նաև Իսրայելի ռազմական գործողությունների քննադատությանը: Այս մասին ելույթ ունենալով պաշտոնական արարողության ժամանակ, որը նվիրված էր Հորդանան գետի արևմտյան ափով Նազարեթի և Բեեր Շևայի միջև անցնող Route 60 մայրուղու զարգացմանը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացնում է The Times of Israel-ը։

Նշվում է, որ նա ընդգծել է, որ Իսրայելը մտադիր է պահպանել այսպես կոչված «անվտանգության գոտին» հարավային Լիբանանում։

Նեթանյահուի խոսքով՝ իրենք կվերականգնեն «հյուսիսային քաղաքների անվտանգությունն ու բարգավաճումը», սակայն դա, ինչպես նշել է նա, պահանջում է ռազմական ներկայության պահպանում. «դա պահանջում է անվտանգության գոտու պահպանում հարավային Լիբանանում. անհրաժեշտ է, որ մենք չլքենք այն, քանի դեռ դա պահանջում է Իսրայելի անվտանգության կարիքները»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում նախատեսվել էր բոլոր մարտական գործողությունների դադարեցում՝ ներառյալ Լիբանանում։ Սակայն Իսրայելը այդ համաձայնագրի կողմ չէ։

Փաստաթուղթը կնքվել է Դոնալդ Թրամփի և Իրանի ղեկավարության մասնակցությամբ և տարածաշրջանում Իսրայելի ապագա ռազմական ներկայության շուրջ նոր տարաձայնությունների տեղիք է տվել։

Reuters-ի տվյալներով՝ իսրայելական կողմը «համառ բանակցություններ» է վարում Վաշինգտոնի հետ հարավային Լիբանանում զորքերի տեղակայումը պահպանելու հարցի շուրջ։ Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հրապարակել է անվտանգության գոտու թարմացված քարտեզը և հայտարարել, որ այս փուլում զորքերի դուրսբերում չի ծրագրվում։

Իրավիճակը զարգանում է տարածաշրջանում շարունակվող լարվածության ֆոնին, որտեղ հարավային Լիբանանը մնում է հակամարտության գոտի, մասնավորապես «Հըզբոլլահ» խմբավորման ակտիվության և ԱՄՆ-ի ու Իրանի վերջին դիվանագիտական նախաձեռնություններից հետո առաջացած ընդհանուր անկայունության պատճառով։

 

  • Կիսվել: