կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իսրայելական բանակը կոչ է անում պաղեստինցիներին տարհանվել Ռաֆահ քաղաքից

Իսրայելական բանակը կոչ է անում պաղեստինցիներին տարհանվել Ռաֆահ քաղաքից

Իսրայելական բանակը կոչ է անում պաղեստինցիներին տարհանվել Գազայի հատվածի արևելյան Ռաֆահ քաղաքից՝ նախքան պլանավորված ցամաքային գործողությունը։ Այս մասին գրում է Times of Israel թերթը։

Դրա տվյալներով՝ իսրայելցի զինվորականները խաղաղ բնակիչներին առաջարկում են տեղափոխվել Ալ-Մավասի և Խան Յունիս շրջանների ընդլայնված հումանիտար գոտի։ Իսրայելական բանակը սկսել է թռուցիկներ նետել արևելյան Ռաֆահում: Զինվորականները նաև զանգահարում են բնակիչներին և նրանց SMS ուղարկում հումանիտար գոտի հասնելու հրահանգներով: Տարհանման հրամանն առայժմ վերաբերում է միայն Ռաֆահի արևելյան որոշ շրջաններին, այլ ոչ ամբողջ քաղաքին:

«Իսրայելական բանակը կոչ է անում ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող բնակչությանը ժամանակավորապես տարհանվել Ռաֆահի արևելյան թաղամասերից դեպի ընդլայնված հումանիտար գոտի», - ասված է հայտարարությւոնում:

Ռաֆահը գտնվում է Գազայի հատվածի հարավում, և վերջին վեց ամսվա ընթացքում դրա բնակչությունը հասել է 1,5 միլիոնի, քանի որ պաղեստինցիները հավաքվել են քաղաքում՝ ապաստան ստանալու համար: Ռաֆահը գտնվում է Եգիպտոսի հետ սահմանին և, ըստ ՄԱԿ-ի, կարևոր կետ է Գազայի հատված մարդասիրական օգնության համար:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բազմիցս հայտարարել է Ռաֆահ քաղաքում գործողություն իրականացնելու իր մտադրության մասին՝ չնայած միջազգային հանրության քննադատությանը և ճնշմանը։ Ապրիլի 30-ին նա հայտարարել է, որ իսրայելական ռազմական ուժերը գործողություն կիրականացնեն Ռաֆահում՝ անկախ ՀԱՄԱՍ-ի հետ պատանդներին ազատելու բանակցությունների արդյունքից։

  • Կիսվել: