ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Իսպանիայի կոնգրեսի հանձնաժողովն աջակցություն է հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Իսպանիայի կոնգրեսի հանձնաժողովն աջակցություն է հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որում ներկայացված են խորհրդարանական բոլոր խմբակցությունները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությամբ Հանձնաժողովը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանն ուղղված ջանքերին, ինչը թույլ կտա տևական և կայուն կերպով վերջ դնել երկու պետությունների միջև հակամարտությանը։

Հանձնաժողովը դրական է գնահատում այն, որ համաձայնագիրը հիմնված է միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության և քաղաքական անկախության սկզբունքների, ինչպես նաև ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից և ցանկացած տարածքային պահանջից հրաժարվելու վրա։

«Հանձնաժողովը նաև ընդգծում է սահմանազատման, վստահության և անվտանգության միջոցառումների, վեճերի խաղաղ կարգավորման և մարդասիրական, հատկապես՝ անհետ կորած անձանց առնչվող հանձնառությունների վերաբերյալ նախատեսված մեխանիզմների կարևորությունը։ Այս իմաստով և որպես խաղաղության գործընթացում առաջընթացի վկայություն՝ հիմնարար նշանակություն ունի բոլոր պատանդառված հայերի ազատ արձակման ուղղությամբ առաջընթացը. քայլ, որը կամրապնդի փոխադարձ վստահությունը և կուժեղացնի համաձայնագրի հումանիտար բաղադրիչը։

Հանձնաժողովը միաժամանակ ընդգծում է հաղորդակցությունների բացմանը, տնտեսական համագործակցությանը և տարածաշրջանային կապակցվածությանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը՝ որպես Հարավային Կովկասում կայունությանն ու բարգավաճմանը նպաստող տարրեր։

Հանձնաժողովը բարձր է գնահատում միջազգային հանրության դերն այս գործընթացին սատարելու գործում և խրախուսում է շարունակել աջակցել տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունն ու համագործակցությունն ամրապնդող բոլոր նախաձեռնություններին։

Ելնելով վերոգրյալից՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը․

Հայտնում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և վերահաստատում է իր հանձնառությունը՝ խթանելու խաղաղությունը, երկխոսությունը և միջազգային համագործակցությունը՝ որպես պետությունների միջև համակեցության հիմնարար սկզբունքներ։

Խրախուսում է կողմերին ավարտին հասցնել Համաձայնագրի ստորագրումը և բարեխղճորեն իրականացնել այն։

Ընդգծում է երկու պետությունների միջև արդար, տևական և ներառական խաղաղության ամրապնդման կարևորությունը, որը կծառայի ներկա և ապագա սերունդների շահերին և կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած հայտարարությանն արձագանքել է Իսպանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի բոլոր խմբակցություններին այս կարևոր հայտարարության համար, որը նպատակ ունի սատարելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը»,- դեսպանի խոսքերը փոխանցել է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել էին խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի շուրջ համաձայնության գալու մասին, իսկ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված խաղաղության գագաթնաժողովի ժամանակ նախաստորագրել էին այն։

  • Կիսվել: