Իսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավը
Իսլանդիայի առափնյա պահպանության ծառայությունը և ոստիկանության հատուկ ստորաբաժանումը ձերբակալել են Bandero նավը, որը պատկանում է կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամին։ 21 հոգուց բաղկացած անձնակազմը կալանավորվել է իսլանդական կետորսական նավի հետ միջադեպից հետո, հաղորդել է Associated Press-ը։
Առափնյա պահպանության տվյալներով՝ Hvalur 9 կետորսական նավի անձնակազմը դիմել է օգնության խնդրանքով՝ հայտարարելով, որ նավը վտանգ է ներկայացնում իր անվտանգության համար։ Իշխանությունները նշել են, որ Bandero-ն անտեսել է Իսլանդիայի տարածքային ջրերը լքելու պահանջը, ապա հրաժարվել է կանգնեցնել շարժիչները։
Դրանից հետո նավ են բարձրացել առափնյա պահպանության աշխատակիցներն ու Viking Squad հատուկ ջոկատի մարտիկները, որոնք ձերբակալել են անձնակազմին։ Ինքը՝ Փոլ Ուոթսոնը, նավում չի գտնվել։
Կապիտան Փոլ Ուոթսոնի հիմնադրամը հաստատել է նավի ձերբակալությունը՝ հայտնելով, որ անձնակազմի բոլոր 21 անդամներին պահում են նավի վրա՝ առանց բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորության։
Նավն արդեն տեղափոխվել է Ռեյկյավիկ, որտեղ հետաքննությունն իրականացնում է ոստիկանությունը։ Իսլանդական լրատվամիջոցների տվյալներով՝ իշխանությունները մտադիր են հասնել անձնակազմի արտաքսմանը և արգելել նրանց կրկին մուտք գործել երկիր։
Իսլանդիան, Նորվեգիայի և Ճապոնիայի հետ միասին, շարունակում է մնալ աշխարհի այն քիչ երկրներից մեկը, որտեղ պահպանվում է առևտրային կետորսությունը։ Որսված կետի մսի մեծ մասն արտահանվում է Ճապոնիա։
75-ամյա Փոլ Ուոթսոնը կետերի՝ աշխարհում ամենահայտնի պաշտպաններից մեկն է և Captain Paul Watson Foundation հիմնադրամի հիմնադիրը։ Ավելի վաղ նա գլխավորել է Sea Shepherd կազմակերպությունը, բազմիցս մասնակցել է կետորսների դեմ ակցիաների և մեկ անգամ չէ, որ ենթարկվել է ձերբակալության։ 2024 թվականին նա հինգ ամիս անցկացրել է Գրենլանդիայի բանտում՝ Ճապոնիայի խնդրանքով, ինչից հետո հայտարարել էր, որ կփորձի խուսափել այն երկրներից, որտեղ կարող է ձերբակալվել Ինտերպոլի գծով։



