Իրանը պետք է ԱՄՆ-ին հանձնի հարստացված ուրանը. Թրամփ
ԱՄՆ-ն Իրանից պահանջում է ապահովել ազատ նավագնացությունը Հորմուզի նեղուցով և հրաժարվել նավերի անցման համար վճարներ գանձելուց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք ուզում ենք, որ նեղուցը լինի բաց և ազատ։ Մենք ոչ մի տեսակի վճար չենք ուզում»,-նշել է նա՝ մեկնաբանելով Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։
Թրամփը նաև հաստատել է, որ Վաշինգտոնը մտադիր է հասնել իրանական հարստացված ուրանի պաշարների փոխանցմանը ԱՄՆ վերահսկողությանը՝ դրանց հետագա ոչնչացման համար։
«Մենք կստանանք այն։ Այն մեզ պետք չէ, ուստի, հավանաբար ստանալուց հետո մենք այն կոչնչացնենք։ Բայց մենք թույլ չենք տա Իրանին պահպանել այդ նյութը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են, սակայն համաձայնագրի արդյունքը դեռևս անորոշ է։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն անթույլատրելի է համարում Թեհրանի միջուկային զենք ունենալը։


