շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Իրանը լուրջ պատասխան հարված կհասցնի. Նեթանյահու

Իրանը լուրջ պատասխան հարված կհասցնի. Նեթանյահու

Իրանը լուրջ պատասխան հարված կհասցնի: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացնում է The Times of Israel-ը:

Նա, մասնավորապես, ասել է. «Դրանք կարող են լինել շատ լուրջ հարձակումներ՝ ալիքներով»:

Նեթանյահուն շեշտել է, որ Իսրայելը աշխատում է նվազեցնել այն գինը, որը երկիրը ստիպված կլինի վճարել։ Նա սկզբնական հարվածներն անվանել է «շատ հաջողված», քանի որ դրանք ոչնչացրել են Իրանի գլխավոր շտաբի զգալի մասին և առաջատար միջուկային գիտնականներին։ Նա ընդգծել է, որ Իսրայելը ոչնչացրել է Նաթանզի գործարանը։

Ըստ Նեթանյահուի՝ կասկածներ կային Իսրայելի կարողությունների և այն գնի վերաբերյալ, որը նա ստիպված կլինի վճարել։

ԱՄՆ աջակցության հարցի վերաբերյալ Նեթանյահուն ասել է, որ կաբինետի նիստերի ժամանակ հույս ունի, որ Վաշինգտոնը կաջակցի Իսրայելին, «բայց մենք այլընտրանք չունենք»։

Նեթանյահուն ապահովել է ԱՄՆ աջակցությունն իր ամերիկացի գործընկերների հետ հանդիպումներում, որոնցից մի քանիսը գաղտնի են պահվում։

Իսրայելի վարչապետը շեշտել է, որ նախապես տեղեկացրել է Վաշինգտոնին։ Ըստ նրա՝ համաշխարհային առաջնորդները ճանաչում են Իսրայելի՝ Իրանից պաշտպանվելու իրավունքը: Նեթանյահուն նշել է, որ չգիտի, թե որքան կտևի գործողությունը։ Նշենք, սակայն, որ մինչ այդ ԶԼՄ-ներում տարածվել էր տեղեկություն, թե Իսրայելի գործողությունն Իրանի դեմ տևելու է 14 օր:

Հաղորդվում է նաև, որ Իսրայելի վարչապետն ընդունել է Ղոմ քաղաքի մոտ գտնվող Ֆորդո գործարանի հետ կապված խնդիրների լուծման դժվարությունը, սակայն հայտարարել է, որ չի մանրամասնի, թե ինչպես է Իսրայելը լուծելու այս խնդիրը։

Ըստ Նեթանյահուի՝ այս գործողության հաջողությունը կազդի Գազայի հատվածում տեղի ունեցողի վրա և կարող է նոր դիմագիծ ստեղծել Մերձավոր Արևելքի համար։

 

  • Կիսվել: