Իրանը կոշտ պատասխան կտա Իսրայելի ահաբեկչական հարձակմանը. ԻԻՀ կառավարություն
Իրանի կառավարությունը կոշտ պատասխան կտա իր տարածքում Իսրայելի իրականացրած հարվածներին, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գիտնականներ և զինվորականներ: Այս մասին ասվում է Իրանի կառավարության հայտարարության մեջ, հաղորդում է Tasnim գործակալությունը:
«Այսօր մենք բոլորս՝ Իրանի ժողովուրդը, կառավարությունը և ղեկավարությունը, կարող ենք բարձրաձայն և վճռականորեն հայտարարել, որ սիոնիստները ահաբեկիչներ և ագրեսորներ են: Մենք ունենք բոլոր իրավունքները պատասխանելու և կանենք դա: Առանց որևէ ներքին տարաձայնության մենք կոշտ պատասխան կտանք այդ ահաբեկչական ռեժիմին», - ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Իսրայելը հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը սկսել է ավիահարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, որոնք կապված են Իրանի միջուկային ծրագրի հետ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի վրա ավիահարվածների առաջին շարքն անվանել է «շատ հաջողված»։
Իսրայելը հայտարարել է արտակարգ դրություն և փակել իր օդային տարածքը։ Իրանը պատասխանել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարքերի հարվածով։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանին Իսրայելի հարվածներն անվանել է «միակողմանի գործողություն», որի հետ Սպիտակ տունը որևէ կապ չունի: Պետքարտուղարը նաև կոչ է արել Իրանին չհարձակվել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերի վրա: