Իրանը հայտարարել է ԵՄ քայլին որևէ նշանակություն չտալու և Հորմուզի նեղուցի վերահսկումը շարունակելու մասին
Իրանի իրավական և միջազգային հարցերով փոխարտգործնախարար Ղարիբաբադին Բրյուսելի գործողություններն անվանել է «խարդախ մանևր»՝ խստորեն դատապարտելով իրանցի քաղաքացիների և գերատեսչությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշումը։
Նա հիշեցրել է, որ «ԵՄ անդամ պետություններն իրենք են իրանցի ժողովրդի իրավունքների գլխավոր խախտողները, իսկ Եվրամիությունը միտումնավոր լռություն է պահպանում Իրանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած ծովային շրջափակման առջև, ինչը, ըստ միջազգային իրավունքի, հավասարեցվում է պատերազմական գործողության»։
Ղարիբաբադին շեշտել է, որ Իրանը ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի անդամ չէ։ Ըստ նրա՝ իրավական այն ռեժիմը, որին Թեհրանը հետևում է Հորմուզի նեղուցում, բացառապես «խաղաղ անցման» ռեժիմն է՝ հիմնված սովորութային միջազգային իրավունքի և ափամերձ պետության ծովային անվտանգության նկատառումների խիստ պահպանման վրա։
Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը ոչ մի նշանակություն չի տալիս եվրոպական այդ «քաղաքականացված ու կեղծավոր քայլին» և կշարունակի Հորմուզի նեղուցի նկատմամբ ինքնիշխանության պահպանման իր ռազմավարության իրականացումը։ Նա զգուշացրել է նաև, որ «միակողմանի հարկադրանքի միջոցները նոր իրավունք չեն ստեղծում, այլ ընդհակառակը՝ միջազգային պատասխանատվություն են առաջացնում նրանց համար, ովքեր նախաձեռնում են դրանք»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրամիության ղեկավարությունը հայտարարել էր Իրանի երկու քաղաքացու, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներից մեկի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։
Մասնավորապես՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր. «Իրանի գործողությունները բացարձակապես անընդունելի են։ Որպես պատասխան՝ ԵՄ անդամ պետությունները հաստատել են պատժամիջոցներ այն իրանական կառույցների և ֆիզիկական անձանց դեմ, որոնք առնչություն ունեն Հորմուզի նեղուցով տարանցման խաթարման հետ: Սա առաջին դեպքն է, երբ ԵՄ-ն կիրառել է նավագնացության ազատության պաշտպանության իր նոր իրավական ռեժիմը։ Անհրաժեշտության դեպքում մենք այն նորից գործի կդնենք»։


