հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Իրանի Սպահան և Թավրիզ նահանգներում այս գիշեր տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է։Այս մասին հաղորդում է իրանական Press TV լրատվամիջոցը։

Նշվում է, որ հակաօդային պաշտպանության միջոցները  խոցել են «կասկածելի օբյեկտները»։ Ըստ իշխանությունների՝ Սպահանում գտնվող կարևոր օբյեկտները, հատկապես՝ միջուկային օբյեկտները չեն վնասվել, որևէ վթարի մասին չի հաղորդվել։

«(Խմբ․՝ պայթյունների) ձայնը կապված էր Սպահանի հակաօդային պաշտպանության համակարգերի հետ, որոնք կրակում էին կասկածելի օբյեկտների։ Մենք որևէ վնաս կամ վթար չենք ունեցել»,- ասել է Սպահանի նահանգի բանակի բարձրաստիճան հրամանատար Սիավաշ Միհանդուստը։

Իրանի օդանավակայաններում ժամանակավոր դադարից հետո վերսկսվել են թռիչքները։

Իր հերթին իրանական IRNA գործակալությունը, հղում անելով ռազմական գերատեսչությունում իր աղբյուրներին, հայտնել է, որ «թշնամական ԱԹՍ-ները թռել են ցածր բարձրության վրա, իսկ նրանց վրա կրակ է բացվել սովորական զենիթային համակարգերից և ոչ թե հակաօդային պաշտպանության համակարգերից»։

Ըստ իրանական պետական ԶԼՄ-ների՝ երկրի զինված ուժերը Սպահանի երկնքում խոցել են երեք անօդաչու։ Հրթիռային հարվածներ չեն արձանագրվել։

Ավելի վաղ ABC հեռուստաալիքը, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել էր, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտի՝ ի պատասխան ապրիլի 13-ին Իրանի կողմից իրականացված ավիահարվածների, որոնց ընթացքում Թեհրանն Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակել էր շուրջ 300 հրթիռ և անօդաչու թռչող սարք։ Դրանց մեծ մասը խոցվել էր իսրայելական ՀՕՊ համակարգերի կողմից։

Իրանն այդ հարվածն իրականացրել էր՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակման, որի մեջ Թեհրանը մեղադրում է Իսրայելին։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան գեներալներ։

  • Կիսվել: