հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանում չեն բացառել միջուկային քաղաքականության վերանայումը թշնամու սպառնալիքի դեպքում

Իրանում չեն բացառել միջուկային քաղաքականության վերանայումը թշնամու սպառնալիքի դեպքում

Իրանի միջուկային կենտրոնների պաշտպանության և անվտանգության կորպուսի հրամանատարը, ընդգծելով երկրի միջուկային կենտրոնների կատարյալ անվտանգությունը և արձագանքելով Սիոնիստական ​​ռեժիմի սպառնալիքին, ասել է, որ հնարավոր է վերանայել Իրանի Իսլամական Հանրապետության դոկտրինան ու միջուկային քաղաքականությունը և հրաժարվել անցյալում հայտարարված նկատառումներից, գրում է parstoday.ir-ը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Իրանի միջուկային կենտրոնների պաշտպանության և անվտանգության կորպուսի հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Հաղթալաբն «Ազնիվ խոստում» հաղթական գործողությանը պատասխանելու համար Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու Սիոնիստական ռեժիմի հավանական քայլի կապակցությամբ ասել է,-«Այս սպառնալիքները կապված չեն այսօրվա և երեկվա հետ: Նախորդ տարիներից ի վեր սիոնիստական կեղծ ​​ռեժիմը, բացի սպառնալիքներից, կործանարար և ահաբեկչական գործողություններ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային արդյունաբերության ոլորտում»։

Իրանի միջուկային կենտրոնների պաշտպանության և անվտանգության կորպուսի հրամանատարը հավելել է, որ թեև միջազգային արձանագրությունների և ստանդարտների և Միջազգային միջուկային գործակալության օրենքների և կանոնակարգերի հիման վրա բոլոր երկրներին արգելվել է հարձակվել միջուկային օբյեկտների վրա, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը ի սկզբանե միշտ պատրաստ է եղել դիմակայել այդ սպառնալիքներին:

Նշելով, որ վերջերս Սիոնիստական ​​ռեժիմը հանցավոր քայլի դիմելով և հարձակվելով Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա, խախտել է բոլոր միջազգային օրենքներն ու կանոնները, չէր ենթադրվում, որ Սիոնիստական ռեժիմը կրկին փորձի միջուկային կենտրոնների վրա հարձակմամբ սպառնալ Իրանին, բրիգադային գեներալ Հաղթալաբն ընդգծել է,- Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարության ցուցումներով, զինված ուժերի ջանքերով և պասիվ պաշտպանության պլանների կիրառմամբ, ինչպես նաև բարձր առաջադեմ սարքավորումներով ու հնարավորություններով կհակադարձվի Սիոնիստական ​​ռեժիմի ցանկացած սպառնալիքի։

Իրանի միջուկային կենտրոնների պաշտպանության և անվտանգության կորպուսի հրամանատարն ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը գտնվում են լիակատար պատրաստվածության մեջ՝ հավելել է,-Սիոնիստական ​​թշնամու միջուկային կենտրոնների մասին անհրաժեշտ տեղեկությունները մեր տրամադրության տակ են և նրանց հավանական քայլին պատասխանելու համար ձեռքերը պահված են ձգանի վրա՝ նշված թիրախները հզոր հրթիռներով ոչնչացնելու համար։

Բրիգադային գեներալ Հաքթալաբն ընդգծել է, որ եթե Սիոնիստական ​​ռեժիմը ցանկանա գործողություններ ձեռնարկել Իրանի միջուկային կենտրոնների և օբյեկտների դեմ, ապա անպայման կբախվի Իրանի Իսլամական Հանրապետության արձագանքին և հարձակման կենթարկվի։

Բրիգադային գեներալ Հաղթալաբը հավելել է, որ եթե սիոնիստական կեղծ ​​ռեժիմը ցանկանում է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման սպառնալիքն օգտագործել որպես Իսլամական Հանրապետության վրա ճնշում գործադրելու գործիք, ապա հնարավոր է վերանայել Իրանի դոկտրինան ու միջուկային քաղաքականությունը և հրաժարվել անցյալում հայտարարված նկատառումներից։

Իրանի միջուկային կենտրոնների պաշտպանության և անվտանգության կորպուսի հրամանատարը հայտարարել է, որ եթե Սիոնիստական ​​ռեժիմը ագրեսիվ գործողություններ իրականացնի Իրանի դեմ, ապա պատասխանի տեսակը կլինի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պլանավորմամբ, և նրանք պետք է վստահ լինեն, որ այն հարվածը, որը ստանալու են զինված ուժերից, կնմանի « Ազնիվ խոստում» գործողությանը։

  • Կիսվել: