շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Իրանն առաջին անգամ հայտարարել է, որ Կատարը գերեվարել է իր երեք օդաչուներին

Իրանն առաջին անգամ հայտարարել է, որ Կատարը գերեվարել է իր երեք օդաչուներին

Իրանն առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ մարտի 2-ին Կատարում ամերիկյան ռազմական բազային հարվածելուց հետո անհետացած երեք ռազմական օդաչուները գերեվարվել են կատարցի զինվորականների կողմից։ Թեհրանը կոչ է արել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) պարզել նրանց ճակատագիրը և նպաստել նրանց ազատ արձակմանը, հայտնել է Mehr-ը։

Այս մասին նշվել է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի անհետ կորածների որոնման կոմիտեի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամադ Բաղերզադեի՝ ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին ուղղված նամակում։

Բաղերզադեի խոսքով՝ մարտի 2-ին իրանական երկու Su-24 կործանիչ-ռմբակոծիչներ Իրանի պատասխան գործողության շրջանակում ուղևորվել են դեպի Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազա։ Առաջադրանքը կատարելուց հետո, վերադարձի ժամանակ, ինքնաթիռները ենթարկվել են հակառակորդի ՀՕՊ միջոցների հարձակմանը, և անձնակազմերը ստիպված են եղել կատապուլտացվել։

Չորս օդաչուներից մեկը՝ բրիգադի գեներալ Մաջիդ Քազեմին, զոհվել է։ Նրա մարմնի մասերը հետագայում հայտնաբերվել և տեղափոխվել են Իրան։

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ միջադեպին մասնակցած մյուս երեք օդաչուները՝ Ջավադ Սալեհին, Աբդոլմաջիդ Դաշտիանը և Օմրան Բեհրավեշիանը, կենդանի գերեվարվել են կատարյան ուժերի կողմից», — նշվել է նամակում։

Իրանցի գեներալը Կատարին մեղադրել է այն բանում, որ միջադեպից հետո անցած վեց ամիսների ընթացքում երկրի իշխանություններն օդաչուների համար չեն ապահովել միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված ռազմագերիների իրավունքները։ Նրա խոսքով՝ չնայած դիվանագիտական դիմումներին, իրանական կողմին չի թույլատրվել հանդիպել օդաչուների հետ, տեղեկություն ստանալ նրանց վիճակի մասին կամ կապ հաստատել նրանց ընտանիքների հետ։

Բաղերզադեն հայտնել է, որ իրավիճակը պահանջում է միջազգային քննություն և կարող է ընկնել ռազմական հանցագործությունների մասին դրույթների տակ։ Նա հղում է կատարել ռազմագերիների հետ վարվեցողության մասին Ժնևյան կոնվենցիային և կոչ արել ԿԽՄԿ-ին շտապ կապ հաստատել երեք օդաչուների հետ, պարզել նրանց առողջական վիճակը, տեղեկացնել Թեհրանին և նպաստել նրանց ազատ արձակմանը։

Այս հայտարարությունը դարձել է իրանցի զինվորականների առաջին հրապարակային պնդումը, որ երեք անհետացած օդաչուները կարող են գերության մեջ գտնվել Կատարում։ Մինչ այդ նրանց ճակատագիրը մնում էր անհայտ։ Օգոստոսի 1-ին իրանական բանակի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Մոհամադ Աքրամնիան հայտնել էր, որ Թեհրանը շարունակում է պարզել օդաչուների անհետացման հանգամանքները և կոչ էր արել Կատարին տեղեկություն տրամադրել նրանց գտնվելու վայրի մասին։

Կատարի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ տեղեկություններ չունեն երեք զինծառայողների ճակատագրի մասին։

Իրանական բանակի տվյալներով՝ երկու Su-24-ներն էլ օդ են բարձրացել Շիրազում գտնվող Շահիդ Դորանի անվան ավիաբազայից և հարված հասցրել Կատարում տեղակայված ամերիկյան Ալ-Ուդեյդ ավիաբազային, որից հետո ենթարկվել են ՀՕՊ միջոցների հարձակմանը Պարսից ծոցում։

  • Կիսվել: