Իրանին հասցված իսրայելական հարվածներից զոհվել է իրանցի երկու զինվորական
Իրանի բանակի երկու զինվորական զոհվել է իսրայելական գրոհի հետեւանքով, տեղեկացրել է Mehr-ը։
Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում շաբաթ վաղ առավոտյան գործադրվել են հակաօդային պաշտպանության ուժերը թշնամական օբյեկտներին դիմակայելու համար։
Թեհրանի ՀՕՊ հասարակության հետ կապերի բաժնի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Թեհրանում լսված ձայնը կապված է եղել հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ Թեհրանից դուրս երեք վայրերում։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ իսրայելական ուժերը գրոհ են ձեռնարկել Իրանի տարածքի դեմ։
Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «չնայած հանրապետության պաշտոնական անձանց նախազգուշացումներին՝ խուսափելու ցանկացած արկածախնդրությունից, շաբաթ օրը Թել Ավիվի վարչակարգը գրոհել է մի քանի ռազմական օբյեկտներ Թեհրանի շրջաններում, Խուզեստանում եւ Իլամում, ինչը լարվածություն է առաջացրել»։
Հայտնելով, որ իսրայելական գրոհը հաջողությամբ հետ է մղվել հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, գերատեսչությունն ընդգծել է, որ «սիոնիստների ագրեսիվ գործողությունները սահմանափակ վնաս են պատճառել մի քանի օբյեկտների»։
Իսրայելը հայտնել է, որ հասել է իր նպատակներին Իրանին հարվածելիս եւ զգուշացրել է Թեհրանին պատասխան գործողություններից։