շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում

Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում

Մինչ Իրանի նախագահին, արտգործնախարարին տեղափոխող ուղղաթիռի «կոշտ վայրէջք» կատարելու մասին լուրերի ֆոնին տարբեր երկրներ իրենց աջակցությունը, օգնելու պատրաստակամությունն ու անհանգստությունն էին հայտնում միջադեպի կապակցությամբ Թուրքիան անմասն չմնաց իր բացառիկ ջանքերը գործի դնելու ու տարածաշրջանում իր ուրույն դերակատարությունը վերահաստատելու համար։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Որպես բարեկամ և հարևան երկիր, ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում իրանական կողմին աջակցելու նպատակով Թուրքիայի պաշպանության նախարարությունը հայտարարեց, որ դեպքի վայր են ուղարկել «Akıncı» տեսակի ԱԹՍ, գիշերային տեսանելիության սարքերով հագեցած «Сougar» տեսակի մեկ ուղղաթիռ, ինչպես նաև 32 ալպինիստից բաղկացած որոնողափրկարարական թիմ: 

 Ավելի ուշ թուրքական մամուլն այդ օգնությունը սկսեց լայնորեն մեկնաբանել, որ ուղարկվել է իրանական կողմի խնդրանքով։ Նման դժբախտության պայմաններում նույնպես Թուրքիան չխորշեց իրենց «տեղական և ազգային» արտադրության հերթական ԱԹՍ-ն գովազդելու, բոլոր երկրների ջանքերը չեզոքացնելու և մասնավորապես՝ Իրանի «համակարգային թուլությունը, անելանելիությունը, կազմակերպվածության բացակայությունը» ի  ցույց դնելու համար։ 

Թուրքական ողջ մամուլը, մասնավորապես իշխանամերձ լրատվամիջոցները սկսեցին լուսաբանել, որ չնայած եղանակային անբերենպաստ պայմաններին, միայն իրենց ԱԹՍ-ին է հաջողվել իրանական կողմին կոորդինատներ տրամադրել և 15 ժամ անց  տեղորոշել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության ուղղաթիռի վայրը։ Ավելի ուշ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարը հաստատեց, որ «Akıncı» ԱԹՍ-ի կողմից հայտնաբերված ջերմության աղբյուրը ենթադրաբար եղել է Իրանի առաջնորդ Իբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի բեկորների վայրը։ 

 Թուրքիայում վիճարկում են նաև այն հարցը, որ եթե «Akıncı»-ն չմեկներ օգնության, ապա հնարավոր էր ավելի երկարել և նույնիսկ օրեր տևել ուղղաթիռի վայրի հայտնաբերումը։ Կրկին ուրիշի դժբախտության մեջ իր սեփական հաջողությունը փնտրելու առումով «շնորհաշատ» Անկարան պարծենում է այս անգամ ոչ թե  «Բայրաքթար ՏԲ2»-ի, այլ «Akıncı»-ի՝ ամբողջ աշխարհը զարմացնելու կարողությամբ։  

Բնականաբար, թուրքական «տեղական և ազգային» արտադրության սարքի փառաբանմանը զուգահեռ այդ երկրում ակտիվանալու էին նաև ազգայնական ու հակաիրանական շրջանակները։ Մասնավորապես, սոցցանցերի թուրքական տիրույթներում ազգայնամոլները սկսեցին կատարվածի կապակցությամբ հրապարակել Իսրայելի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի դրոշները, արձանագրելով․ «Աշխատանքը կատարված է»։ Նրանց զգալի մասը մեծ ուրախությամբ ու ցնծությամբ է ընդունել այդ բոթը։

Կան նաև շրջանակներ, որոնք նկատի ունենալով իրենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրել են․ «Տարոսը մեզ»։ Ինչ վերաբերում է Թուրքիայի փորձագիտական շրջանակներին, ապա նրանցից շատերը հակված են կարծելու, որ դեպքը ոչ թե մահափորձ է՝  ինչ-որ  երկրների կամ որոշ ուժերի կողմից կազմակերպված, այլ ուղղակի դժբախտ պատահար՝ կապված եղանակային անբարենպաստ պայմանների հետ։

 Որոշ փորձագետների կարծիքով՝ Ռայիսիի հետ կատարվածը սպանություն է՝ պատվիրված Իրանի ներքին շրջանակների կողմից, որոնք ցանկանում են այդ պաշտոնին տեսնել իրենց թեկնածուին։ Այս ամենին զուգահեռ շեշտվում է նաև Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի անվերապահ աջակցությունը նախագահ Իբրահիմ Ռայիսիին։

Այս համատեքստում որոշ թուրք փորձագետներ սկսեցին հեգնելով խոսել նաև Իրանի բարձրաստիճան ղեկավարությանը փոխադրող ուղղաթիռի մասին, որը վիետնամական պատերազմից հետո 1960-ական թվականների վերջին է արտադրվել։ Ուստի այն, ըստ իրենց բնորոշմամբ, պետք է մասնագետների վերահսկողության տակ լիներ։ Որոշ քաղաքագետներ էլ դժգոհություն են հայտնում, որ նման դեպքը տեղի է ունենում դժբախտ դիպաշարերով հարուստ հենց այն տարածաշրջանում, որի մասն է կազմում Թուրքիան։ 

Այս պատահարը ևս մեկ անգամ զգուշացնում է, որ տարածաշրջանից հեռու չէ վառոդի նոր տակառը։ Իսկ նոր գործողություններ սկսելուց և քայլեր ձեռնարկելուց առաջ տարածաշրջանի ցանկացած երկիր պետք է հաշվի նստի ստեղծված իրադրության ու պայմանների հետ։ Միայն քաղաքական ճիշտ հաշվարկների արդյունքում հնարավոր կլինի հեռու պահել երկիրը տարածաշրջանային համընդհանուր անկայունությունից։ 

  • Կիսվել: