շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանի խորհրդարանը խումբ կուղարկի Դամասկոս՝ հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման հետաքննության համար

Իրանի խորհրդարանը խումբ կուղարկի Դամասկոս՝ հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման հետաքննության համար

Իրանի Մեջլիսը (խորհրդարանը) պատգամավորների խումբ կուղարկի Դամասկոս՝ պարզաբանելու իսրայելական օդուժի կողմից Սիրիայի մայրաքաղաքում Իրանի հյուպատոսության գնդակոծության մանրամասնությունները։ Ինչպես  տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին հայտնել է Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Էբրահիմ Ազիզին։

«Մեջլիսը նաև նախատեսում է անհրաժեշտ համաձայնեցումներից հետո պատվիրակություն ուղարկել Դամասկոս՝ ուսումնասիրելու այդ միջադեպի բոլոր կողմերը և պատրաստելու հաշվետվություն այդ հարցի վերաբերյալ», - ասել է նա։

Իրանցի խորհրդարանականի կարծիքով՝ Իսրայելը, հարձակվելով հյուպատոսության վրա, «հերթական անգամ ցուցադրեց իր ագրեսիվ խառնվածքը և ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ չի կիրառում ոչ մի օրենք»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին ու հինգ սպաներ:

Իր հերթին Al Hadath հեռուստաընկերությունը հայտնել է, որ հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 11-ի այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերվել ևս մի քանի հոգու մարմիններ։ Բացի ԻՀՊԿ-ի 7 զինվորականներից, ըստ հեռուստաալիքի, 3-ը Սիրիայի քաղաքացիներ են, ևս մեկը՝ լիբանանցի։  

Գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին ԻՀՊԿ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը սպանվել է 2020 թվականին ԱՄՆ-ի կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։ Նա ԻՀՊԿ-ի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների հրամանատարն էր Լիբանանում և Սիրիայում։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ «Իսրայելի վարչակարգը կզղջա» հյուպատոսության վրա հարձակման համար, հաղորդում է Mehr գործակալությունը։

Իր հերթին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին խոստացել է, որ հյուպատոսության գնդակոծությունն անպատասխան չի մնա:

  • Կիսվել: