Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Միացյալ Նահանգների հետ Իրանի գլխավոր բանակցող և Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ընդգծել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական ընթացիկ ուղու պարտավորությունների կատարման կարևորությունը։
Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվականը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունը։
Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ու հանձնառությունները պետք է պահպանվեն՝ առանց «եթե»-ների, «բայց»-երի կամ էլ արդարացումների։
«Առջևում սպասվող գործարքի համար այլ ճանապարհ չկա։ Դուք հնձում եք այն, ինչ ցանում եք», - հայտարարել է Ղալիբաֆը։
Իրանի խորհրդարանի ղեկավարի այս հայտարարությունը հնչել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի կողմից արված հայտարարություններից հետո, որով Իրանի ԱԳ նախարարը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում կնքվելիք փոխըմբռնման հուշագիրը երբեք այնքան մոտ չի եղել ավարտին, որքան այժմ։
Նա հավաստիացրել էր, որ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի բոլոր մանրամասները կհրապարակվեն պատշաճ ժամանակին:
«Մինչև դրա ավարտը և վերջնական հաստատումը, լրատվամիջոցները պետք է զերծ մնան դրա բովանդակության վերաբերյալ ենթադրություններ անելուց: Մեր պատասխանատու և թափանցիկ մոտեցմանը համապատասխան՝ բոլոր մանրամասները կհրապարակվեն պատշաճ ժամանակին»,-հայտարարել էր Իրանի արտգործնախարարը:


