Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի դեմ գործողության ընթացքում իտալական բազաների հնարավոր օգտագործման մասին հայտարարությունները
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ, հայտնում է Mehr գործակալությունը։
Զրույցի ընթացքում Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վճռականորեն հերքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի վերջին հայտարարություններն այն մասին, թե Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելիս Միացյալ Նահանգներն օգտագործել է Իտալիայի ռազմաբազաները։
Տայանին ընդգծել է, որ իտալական ռազմական օբյեկտները չեն օգտագործվել Իրանին հարվածներ հասցնելու համար, և որ նման գործողություններ չեն իրականացվի նաև ապագայում։ Նրա խոսքով՝ Իրանի ռմբակոծություններին մասնակցած ամերիկյան ինքնաթիռները չեն թռել Իտալիայի տարածքից, իսկ երկրի կառավարությունը երբևէ նման գործողություն իրականացնելու թույլտվություն չի տվել։
Իր հերթին, Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել իտալացի գործընկերոջը հեռախոսազրույցի և տրամադրված պարզաբանումների համար։ Արաղչին նույնպես ընդգծել է Իտալիայի կառավարության կողմից նման հայտարարությունների պաշտոնական և միանշանակ հերքման կարևորությունը։



