շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանի «ենթադրյալ գործակալին» կասկածում են Իվանկա Թրամփի դեմ մահափորձ պլանավորելու մեջ

Իրանի «ենթադրյալ գործակալին» կասկածում են Իվանկա Թրամփի դեմ մահափորձ պլանավորելու մեջ

«Իրանի հետ կապ ունեցող ենթադրյալ գործակալը» ծրագրել էր սպանել Իվանկա Թրամփին՝ ցանկանալով վրեժխնդիր լինել 2020 թվականին ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության համար։ Այս մասին հայտնում է The New York Post պարբերականը։

Ինչպես նշում է թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, Իրաքի 32-ամյա քաղաքացի Մոհամմադ Բաքեր Սաադ Դավուդ ալ-Սաադին, ըստ ամենայնի, «երդվել էր» սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը և նույնիսկ ունեցել է Ֆլորիդայում գտնվող նրա առանձնատան հատակագիծը։

Թերթի պնդմամբ՝ ալ-Սաադին ցանկացել է վրեժխնդիր լինել նախագահի ընտանիքից՝ Բաղդադում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհված Սուլեյմանիի համար։

Հաղորդվում է նաև, որ Վաշինգտոնում Իրաքի դեսպանատան ռազմական կցորդի նախկին տեղակալ Էնտիֆադ Քանբարը թերթին հայտնել է, որ ալ-Սաադին Սուլեյմանիի մահից հետո խոսել էր Իվանկա Թրամփի սպանության մասին։

Հոդվածում նաև նշվում է, որ ալ-Սաադին արաբերենով սպառնալիք է հրապարակել, ինչպես նաև Ֆլորիդայի այն տարածքի քարտեզը, որտեղ գտնվում է Իվանկա Թրամփի և նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների առանձնատունը։

Ալ-Սաադին ձերբակալվել է Թուրքիայում մայիսի 15-ին և արտահանձնվել Միացյալ Նահանգներին։ Այնտեղ նրան մեղադրում են Եվրոպայում և ԱՄՆ-ում իրականացված 18 հարձակումների ու ահաբեկչության փորձերի մեջ ներգրավվածության համար։

Զեկույցում նա ներկայացվում է որպես թե՛ «Քաթայիբ Հեզբոլլահի», թե՛ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ենթադրյալ գրոհային։ Ըստ աղբյուրի՝ նա կապ է ունեցել ամերիկյան և հրեական օբյեկտների վրա կատարված հարձակումների հետ, այդ թվում՝ Ամստերդամում, Լոնդոնում, Տորոնտոյում, Բելգիայում և Նիդերլանդներում տեղի ունեցած միջադեպերի հետ։

Թերթը նաև հայտնում է, որ ալ-Սաադին, ըստ ամենայնի, կրոնական տուրիստական գործակալություն է օգտագործել՝ միջազգային ուղևորություններ կատարելու և գրոհայինների բջիջների հետ կապեր հաստատելու համար։

  • Կիսվել: