ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
Իրանի դեմ հարվածները վերսկսելու օպերատիվ անհրաժեշտություն չկա. Իսրայելի բանակ

Իրանի դեմ հարվածները վերսկսելու օպերատիվ անհրաժեշտություն չկա. Իսրայելի բանակ

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը կարծում է, որ ներկայում Իրանի ուղղությամբ հարվածները վերսկսելու օպերատիվ անհրաժեշտություն չկա մինչև հաջորդ շաբաթ կայանալիք Քնեսեթի ընտրությունները։ Այս մասին հաղորդում է իսրայելական 13-րդ հեռուստաալիքը։

«Մենք որևէ նշան չենք տեսնում, որ մինչև ընտրություններն անհրաժեշտ է հարված հասցնել Իրանին։ Եթե հանգենք այն եզրակացության, որ նման հարվածն անհրաժեշտ է, ապա այն կհասցնենք», - ասել է Զամիրը։

Հեռուստաալիքը նշում է, որ Զամիրը վերջերս հրամանատարների հետ անցկացված փակ խորհրդակցության ժամանակ նշել է, որ անհրաժեշտության դեպքում ԻՊԲ-ն պատրաստ է գործել։

Հոկտեմբերի 21-ին The New York Times թերթը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաների և տեղեկացված այլ անձանց, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը մշակել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու պլաններ՝ Միացյալ Նահանգներում նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո։ Հոդվածում ասվում էր, որ երկու երկրներն ակտիվացրել են զորավարժությունները հնարավոր «կարճատև, բայց ինտենսիվ գործողության» շրջանակներում։ Որպես մշակված պլանի հնարավոր թիրախներ նշվել են Իրանի միջուկային օբյեկտները, էներգետիկ ենթակառուցվածքները, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զինանոցները։

 

  • Կիսվել: