շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իրանի ԱԳ նախարարն Ասադի հետ հանդիպումից հետո մեկնել է Թուրքիա՝ հանդիպելու Էրդողանի հետ

Իրանի ԱԳ նախարարն Ասադի հետ հանդիպումից հետո մեկնել է Թուրքիա՝ հանդիպելու Էրդողանի հետ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, Սիրիայում ռազմական գործողությունների սրման ֆոնին, Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպումից հետո մեկնել է Թուրքիա, գրում է parstoday.ir-ը:

Ասադի հետ հանդիպմանը նախարարը հաստատել է Իրանի աջակցությունը Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում և պատրաստակամությունը տրամադրելու տարբեր տեսակի օգնություն այս հարցում։ Ասադն ընդգծել է, որ Սիրիան շարունակում է պայքարել ահաբեկչության դեմ իր ամբողջ տարածքում՝ նշելով, որ այս դիմակայությունը ծառայում է նաև ամբողջ տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը։

Իրանի արտգործնախարարն այնուհետև ժամանել է Թուրքիա, որտեղ նա մտադիր է հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը, հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական ուժերի և ահաբեկիչների միջև մարտերի մեկնարկի մասին։ «Հայաթ Թահրիր ալ Շամ» ահաբեկչական կազմակերպությանը (նախկինում՝ «Ջաբհաթ ան-Նուսրա») պատկանող խմբավորումները խախտել են դեէսկալացիայի համաձայնագիրը և հարձակվել բնակեցված տարածքների և ռազմական օբյեկտների վրա։ Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։

Հիշեցնենք, որ սիրիական բանակը հայտարարել էր Հալեպից «զորքերի ժամանակավոր դուրսբերման» մասին՝ «ահաբեկիչների դեմ հակահարձակում նախապատրաստելու համար»:

Ռազմական կառույցը նշել էր, որ դուրսբերումը վերախմբավորման մաս է կազմում նախքան համալրման ժամանակումը՝ հակահարձակումն սկսելու համար:

 

  • Կիսվել: