Իրանական պատերազմի ընթացքում շուրջ 150 հազար քաղաքացիական օբյեկտ է խոցվել․ Կարմիր մահիկ
Իրանի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ վերջին պատերազմի ընթացքում ամբողջ երկրում հարվածների տակ են հայտնվել տասնյակ մարդասիրական և բժշկական օբյեկտներ, հաղորդում է Mehr գործակալությունը։
Կազմակերպության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդը մալայզիական Mercy մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հակամարտության ընթացքում Կարմիր մահիկի աշխատակիցներն իրականացրել են շուրջ 6 հազար փրկարարական առաքելություն, որոնցից յուրաքանչյուրը տևել է 1-ից մինչև 25 օր։
Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից ողջ դուրս բերել 7,250 մարդու, տեղում օգնություն ցուցաբերել մոտ 10 հազար վիրավորի, ինչպես նաև հայտնաբերել և տարհանել բոլոր զոհվածների մարմինները։
Քոլիվանդի խոսքով՝ զգալի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ հարձակման է ենթարկվել 149,528 ոչ ռազմական օբյեկտ։ Դրանց թվում են՝ 123,647 բնակելի շենք, 24,450 կոմերցիոն օբյեկտ, 350 բժշկական, սանիտարական ու հարակից կենտրոն, ինչպես նաև Կարմիր մահիկի 56 օբյեկտ։
Կազմակերպության ղեկավարը նաև հայտնել է, որ Կարմիր մահիկի միջազգային դեպարտամենտը փաստագրել է միջազգային մարդասիրական իրավունքի ենթադրյալ խախտումները։ Այս կապակցությամբ 35 դիմում-բողոք է հղվել միջազգային կազմակերպություններին ու համապատասխան կառույցներին։
Չնայած Իրանը պաշտոնապես միջազգային օգնություն չի խնդրել, այդուհանդերձ, 18 պետություն և միջազգային կազմակերպություն հումանիտար բեռներ են ուղարկել երկիր։


