ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իրանական հրթիռներից և ԱԹՍ-ներից պաշտպանվելն Իսրայելին կարող էր արժենալ մինչև 1,3 միլիարդ դոլար

Իրանական հրթիռներից և ԱԹՍ-ներից պաշտպանվելն Իսրայելին կարող էր արժենալ մինչև 1,3 միլիարդ դոլար

Մեկ գիշերվա ընթացքում իրանական հարյուրավոր հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելն Իսրայելին կարող էր արժենալ մինչև 1,3 միլիարդ դոլար: Այդ մասին ապրիլի 14-ին Ynet պորտալին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի ֆինանսների գծով նախկին խորհրդական, պահեստազորի բրիգադային գեներալ Ռամ Ամինահը։

«Չորսից հինգ միլիարդ շեքել (1-1,3 միլիարդ դոլար - Խմբ.)՝ մեկ գիշերվա ընթացքում», - լրագրողներին մեկնաբանել է նա Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի ակտիվացման արժեքը:

Ամինահի խոսքով՝ այս գումարը զգալիորեն գերազանցում է այն, ինչ Իրանն է ծախսել հարձակման համար։ Այդ իսկ պատճառով Իսրայելի գլխավոր շտաբի նախկին խորհրդականը կոչ է արել մեծացնել երկրի պաշտպանական բյուջեն։

Իրանը շաբաթ գիշերը իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթահայուի հետ զրույցում ասել է, որ Իրանի հարձակnւմն անհաջող էր և որ դա Իսրայելի համար հաղթանակ էր:

Մինչդեռ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի:

«Հետևելով մեր երկրի զինված ուժերի պատմական, հզոր և հաղթական գործողությանը՝ ապրիլի 13-ի ռազմական հարձակմանը, որը ծրագրվել և իրականացվել է ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության նպատակների և շահերի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, երկրի բոլոր պաշտպանական և քաղաքական հատվածների հետ համագործակցությամբ և համակարգմամբ, երեկ երեկոյան նոր էջ է բացել Իրանի հեղինակության պատմության մեջ և դաս տվել սիոնիստ թշնամուն», - ասել է Իրանի նախագահը:

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, մեկնաբանելով Իրանի գիշերային հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է, որ իրենք այս գործողությունը դիտարկում են որպես արդյունք և իրենց տեսանկյունից այն ավարտվել է, այն շարունակելու մտադրություն չկա:

«Բայց եթե սիոնիստական ռեժիմը որևէ քայլ ձեռնարկի նաև մեր դեմ, մեր հողի վրա կամ Սիրիայում կամ այլ երկրում մեզ պատկանող օբյեկտներում, մեր հաջորդ գործողությունն ավելի մեծ կլինի», - նախազգուշացրել է Բաղերին:

  • Կիսվել: