կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Ինդիանայում ջրհեղեղը գերազանցել է 1913 թվականի ռեկորդը․ հինգ զոհ և տասնյակ փրկվածներ

Ինդիանայում ջրհեղեղը գերազանցել է 1913 թվականի ռեկորդը․ հինգ զոհ և տասնյակ փրկվածներ

ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում առնվազն հինգ մարդ է զոհվել հորդառատ անձրևների և դրանց հետևած խոշոր ջրհեղեղի հետևանքով։ Նահանգապետ Մայք Բրաունը իրավիճակն աննախադեպ է անվանել և բնակիչներին կոչ արել չմոտենալ վարարած ջրերին, հայտնում է CBS News։

Ինդիանայի կենտրոնական հատվածում գետերի ջրի մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշների։ Որոշ շրջաններում ցուցանիշները գերազանցել են ավելի քան 100 տարի առաջ գրանցված առավելագույնները։ Ուայթ գետի վրա Անդերսոն և Նոբլսվիլ քաղաքներում ջրի մակարդակը ուրբաթ օրը բարձրացել է գրեթե մինչև 7,6 մետր՝ 1913 թվականի ռեկորդից ավելի քան 30 սանտիմետր բարձր։

ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով, երկու օրում որոշ շրջաններում տեղացել է ավելի քան 28 սանտիմետր տեղումներ։ Հանկարծակի ջրհեղեղների վտանգի մասին նախազգուշացումները շարունակում էին գործել նահանգի կենտրոնական հատվածում։

Հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել Ինդիանապոլիսում և նրա հյուսիսային արվարձաններում։ Շաբաթ օրվա դրությամբ փրկարարները տարհանել են 91 մարդու և 45 ընտանի կենդանու։ Քաղաքի հյուսիսային շրջանների շուրջ 400 բնակիչ ինքնուրույն լքել է իր տները։ Դելավեր շրջանում տարհանվել է ավելի քան 350 մարդ, ինչպես նաև սկսվել է Տիպտոն շրջանում գտնվող ծերանոցի բնակիչների տարհանումը։

«Սա այնպիսի ջրհեղեղներից է, որոնք կյանքում մեկ անգամ են լինում։ Սա աննախադեպ իրադարձություն է, և, ցավոք, մենք նոր ռեկորդներ ենք սահմանում»,— հայտարարել է Մարիոն շրջանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տնօրեն Ջեյքոբ Սփենսը։

Զոհվածների թվում է 58-ամյա մի կին, որը, ենթադրաբար, փորձել է ավտոմեքենայով անցնել ճանապարհի հեղեղված հատվածով։ Փրկարարները նաև հայտնաբերել են 18-ամյա Մեթյու Մորիի մարմինը, որն անհետացել էր այն բանից հետո, երբ չորեքշաբթի ևս երեք մարդու հետ հայտնվել էր Միսիսինևա գետում։

Ջրհեղեղը լուրջ վնաս է հասցրել բնակելի թաղամասերին և ենթակառուցվածքներին։ Յորքթաուն քաղաքում ջուրը մոտ մեկ մետրով հեղեղել է հանրային գրադարանը։ Սոցիալական ցանցերում նաև հայտնվել են հեղեղված խաչմերուկների, ջրի մեջ հայտնված ավտոմեքենաների և հզոր հոսքից տապալված էլեկտրացանցի հենասյան կադրեր։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Ինդիանայի նահանգապետի՝ արտակարգ իրավիճակ հայտարարելու խնդրանքին։ Դա հնարավորություն կտա մինչև 5 մլն դոլար դաշնային միջոցներ ուղղել հետևանքների վերացման և վերականգնման աշխատանքներին։

Իշխանությունները զգուշացնում են, որ իրավիճակը շարունակում է վտանգավոր մնալ․ Ուայթ գետում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ, իսկ դրա գագաթնակետը Ինդիանապոլիսի շրջանում սպասվում էր շաբաթ երեկոյան։

  • Կիսվել: