ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին վարորդը բետոնախառնիչով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին վարորդը բետոնախառնիչով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել

Այսօր՝ ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 38-ամյա Արամայիս Մ․-ն իր վարած «Shacman» մակնիշի բետոնախառնիչով «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին, Աշտարակ-Ագարակ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և օգնել, որ վերամբարձ կռունկի օգնությամբ բեռնատարը ուղղեն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Ալեքսանյանը և Տիգրան Գևորգյան։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Կիսվել: