Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի «Aramco» նավթավերամշակման գործարանի վրա
Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը հարձակվել է Սաուդյան Արաբիայի հարավային Ջիզանի շրջանում գտնվող «Aramco» ընկերության նավթավերամշակման գործարանի վրա, տեղեկացնում է SABA-ն՝ հղում անելով իր աղբյուրին:
Աղբյուրը, մասնավորապես, նշում է. «Եմենի զինվածուժերը երկու անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ջիզանի շրջանում գտնվող «Aramco» ընկերության նավթավերամշակման գործարանին: Հարվածը ճշգրիտ էր»:
Հաղորդվում է նաև, որ հարձակումը կատարվել է ի պատասխան Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի Սաադա և Հաջա նահանգներում օդային տարածքի խախտման:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին հութիները հայտարարել էին Ջիզանի նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին։ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հաստատել էր Ջիզանի շրջանում գտնվող «Saudi Aramco» ընկերության օբյեկտում բռնկված հրդեհի փաստը:
Իրավիճակի սրացման նոր փուլը սկսվել է հուլիսի 13-ին Սանայի օդանավակայանի թռիչքուղուն հարվածից հետո, որի նպատակն էր խանգարել Իրանից ժամանած ինքնաթիռի վայրէջքին: Հութիները հարձակման համար մեղադրել են Սաուդյան Արաբիային և դրանից հետո վերսկսել հարվածները այդ պետության տարածքին։



