չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հունգարիայում ընդդիմության հաղթանակից հետո ԵՄ-ն ուզում է ապաշրջափակել Ուկրաինայի համար նախատեսված 90 մլրդ եվրոյի ծրագիրը

Հունգարիայում ընդդիմության հաղթանակից հետո ԵՄ-ն ուզում է ապաշրջափակել Ուկրաինայի համար նախատեսված 90 մլրդ եվրոյի ծրագիրը

ԵՄ-ում նախագահող Կիպրոսը մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետներում բարձրացնել Ուկրաինային հատկացվող 90 միլիարդ եվրոյի ռազմական ֆինանսավորման ապաշրջափակման հարցը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Առիթը Հունգարիայի ընտրություններում ընդդիմադիր «Տիսա» կուսակցության հաղթանակն է։ Բուդապեշտն այս տարվա փետրվարին կասեցրել էր թե՛ այս միջոցները, թե՛ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը։

Անցյալ տարվա դեկտեմբերին ԵՄ գագաթնաժողովում հաստատված այս ֆինանսավորումը նախատեսում է 30 միլիարդ եվրո՝ Ուկրաինայի բյուջետային կարիքների համար, և 60 միլիարդ եվրո՝ 2026–2027 թվականներին եվրոպական սպառազինություն գնելու համար։ Օրբանը վետո էր կիրառել՝ հայտարարելով, որ այն չի հանի, քանի դեռ չեն վերականգնվել «Դրուժբա» խողովակաշարով իրականացվող ռուսական նավթի մատակարարումները։ Ֆինանսավորման հաստատման համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր 27 երկրների համաձայնությունը։

Օրբանի պարտությունից և «Տիսայի» հաղթանակից հետո (որը ստացել է խորհրդարանի 199 տեղերից 138-ը), Բրյուսելում ակնկալում են, որ հունգարական վետոն վերջնականապես կչեղարկվի։

 

  • Կիսվել: