հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հունգարիան չպետք է մասնակցի ԵՄ-ի՝ Կիևի օգտին 90 մլրդ եվրոյի վարկի տրամադրմանը. Մադյար

Հունգարիան չպետք է մասնակցի ԵՄ-ի՝ Կիևի օգտին 90 մլրդ եվրոյի վարկի տրամադրմանը. Մադյար

Հունգարիան չպետք է մասնակցի ԵՄ-ի՝ Կիևի օգտին 90 մլրդ եվրոյի վարկի տրամադրմանը, ինչպես դա որոշվել է Եվրամիության խորհրդի նիստում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունգարիայի ընտրություններում առաջատար «Տիսա» կուսակցության ղեկավար Պետեր Մադյարը, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
 
Նա, մասնավորապես, նշել է. «Դեկտեմբերին ԵՄ խորհրդի նիստում Վիկտոր Օրբանը որոշեց, որ Հունգարիան, հնարավոր է նաև՝ Սլովակիան ու Չեխիան, չմասնակցեն այդ 90 միլիարդ եվրոյի վարկին, այսինքն՝ այն չի տարածվում մեր երկրների վրա։ Դա այդպես է ընդունվել: Ես այնքան էլ չեմ հասկանում և եվրոպացի առաջնորդների հետ կքննարկեմ, թե ինչու պետք է նորից բարձրացնել այդ հարցը։ Անձամբ ես կարծում եմ, որ Հունգարիան չպետք է մասնակցի դրան»:
Մադյարը հավելել է, որ չի աջակցում Եվրամիությանը Ուկրաինայի արագացված անդամակցությանը:
 
«Կարծում եմ, որ դա տեղի չի ունենա ինչպես մոտ ապագայում, այնպես էլ հաջորդ տասը տարիներին»,-ասել է նա և հույս հայտնել, որ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո ԵՄ հակառուսական պատժամիջոցները կվերացվեն:
 
«Մենք Ռուսաստանի կողքին ենք, և Եվրոպան շահագրգռված չէ հումքը ձեռք բերել թանկ գնով, քանի որ դրանով միայն խաթարում ենք Եվրոպայի մրցունակությունը»,-ասել է Մադյարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 12-ին: Երկրի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ձայների 98,9 տոկոսի հաշվարկից հետո Պետեր Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությունն առաջ է անցել վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունից: «Տիսան» կստանա 199 տեղերից 138-ը, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնության համար:

  • Կիսվել: