Հունաստանը նավատերերին կոչ է արել հեռու մնալ Իրանի ափերից
Հունական իշխանությունները տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին նավատերերին զգուշացրել են Իրանի ափերի մոտ նավարկելիս ռիսկերի աճի մասին: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը։
Մասնավորապես նշվում է, որ Հունաստանի նավագնացության նախարարությունը հանձնարարականներ է հղել արդյունաբերական կազմակերպություններին՝ խորհուրդ տալով Հորմուզի նեղուցով Միացյալ Արաբական Էմիրությունների և Օմանի տարածքային ջրերին ավելի մոտ նավարկել։
Բացի դրանից՝ նախարարությունը նաև նշել է, որ Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները կարող են հանգեցնել Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում, ինչպես նաև Կարմիր ծովի հարավում իրավիճակի սրմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը փետրվարի 1-ին և 2-ին Հորմուզի նեղուցում մարտական կրակոցներով վարժանքներ կանցկացնի։



