երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հունաստանի վարչապետը ցավակցել է Թուրքիայի նախագահին

Հունաստանի վարչապետը ցավակցել է Թուրքիայի նախագահին

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին ասված է Հունաստանի կառավարության կայքում:

՛՛Վարչապետն իր վշտակցությունն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, Էրդողանին է փոխանցել Հունաստանի կառավարության եւ ժողովրդի ցավակցական խոսքերը զոհերի կապակցությամբ՛՛,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միցոտակիսը հաստատել է բնական աղետի հետեւանքները հաղթահարելու համար Թուրքիային անհապաղ հնարավոր բոլոր օգնությունները ցուցաբերելու Հունաստանի պատրաստակամությունը։

՛՛Էրդողանը շնորհակալություն է հայտնել վարչապետին աջակցության եւ անհապաղ օգնության համար՛՛,-հայտնում են ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ Էրդողանը 2022 թվականի մայիսին հրաժարվել էր շփվել Միցոտակիսի հետ։ Թուրքիայի նախագահն ասել էր, որ Հունաստանի վարչապետը խախտել է մարտին իրենց հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ այսուհետ իր համար Միցոտակիս քաղաքական գործիչ չկա։

Նշենք նաեւ, որ ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 6-ի գիշերը։ Երկրորդ հզոր ցնցումը գրանցվել է ցերեկը։ 7,7 մագնիտուդով առաջին եւ 7,5 մագնիտուդով երկրորդ երկրաշարժերի միջեւ ընկած ժամանակահատվածում Թուրքիայում տեղի է ունեցել մոտ 78 ցնցում։

 

  • Կիսվել: