Հունական Զակինթոս կղզու օդանավակայանը փակվել է F-16 կործանիչի վթարային վայրէջքից հետո
Զակինթոսի օդանավակայանի թռիչքուղին փակ կմնա տեղական ժամանակով առնվազն մինչև հինգշաբթի օրվա 19:00-ն այն բանից հետո, երբ Հունաստանի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը վթարային վայրէջք է կատարել՝ բորտում բռնկված հրդեհի մասին հաղորդումից հետո, հաղորդում է Kathimerini-ն:
Միջադեպը հանգեցրել է չվերթների ուշացումների և չեղարկումների՝ խաթարելով հարյուրավոր զբոսաշրջիկների ծրագրերը:
Օդաչուն չի տուժել և ռազմական ուղղաթիռով տեղափոխվել է Հունաստանի արևմուտքում տեղակայված Անդրավիդայի 117-րդ ավիաբազա՝ կանխարգելիչ բժշկական հետազոտության համար:
Կղզի պետք է ռազմաօդային ուժերի հատուկ խումբ ժամանի, որը կզբաղվի վնասված ինքնաթիռի տարհանմամբ և թռիչքուղու ազատմամբ:
F-16 կործանիչը, որը շահագործում է 116-րդ մարտական թևի 335-րդ էսկադրիլիան, մինչ արտակարգ իրավիճակի առաջացումը ուսումնական թռիչք էր իրականացնում՝ օդ բարձրանալով Առաքսոս ավիաբազայից:
Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառ կարող էր դառնալ շասսիի անսարքությունը, սակայն վթարային վայրէջքի հանգամանքները շարունակում են քննվել:


