Հրապարակվել են Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածի նախապատրաստության մանրամասները. Իսրայելի մասնակցությամբ գործողությունը վերջին պահին կասեցվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունից հրաժարվել է դրա մեկնարկից մոտ մեկ օր առաջ, հաղորդում է իսրայելական 12-րդ ալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով, հարվածի նախապատրաստությունը սկսվել է չորեքշաբթի՝ Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Թրամփի հանդիպման հաջորդ օրը։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը մշակել էր Իրանի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա հարձակման ծրագիր։ Ինչպես պնդվում է, Իսրայելը պետք է մասնակցեր գործողությանը։
Ամերիկացի պաշտոնյան հեռուստաալիքին հայտնել է, որ իսրայելական կողմը Վաշինգտոնին նախազգուշացրել էր՝ եթե հարվածը լուրջ վնաս չհասցնի Իրանի տնտեսությանը և իշխանական կառույցներին, այն իրականացնելու իմաստ չկա։
Ուրբաթ և շաբաթ օրերին Կատարը Իրանի, ԱՄՆ-ի և Օմանի մասնակցությամբ ինտենսիվ բանակցություններ է վարել՝ փորձելով կանխել էսկալացիան և հասնել Հորմուզի նեղուցի բացմանը։ Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով, Դոհան Թրամփին խնդրել է լրացուցիչ մեկ օր տրամադրել Թեհրանի հետ համաձայնության հասնելու համար, և ԱՄՆ նախագահը համաձայնել է։
Ավելի ուշ Կատարը ամերիկացի առաջնորդին տեղեկացրել է, որ Իրանը համաձայնել է նեղուցի բացման վերաբերյալ առաջարկին։
Միաժամանակ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը Թրամփին կոչ է արել հրաժարվել հարվածից։
Դրանից հետո ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ չեղարկել է գործողությունը, քանի որ Իրանը համաձայնել է բացել Հորմուզի նեղուցը և դադարեցնել միջուկային ծրագիրը։



