Հրադադարից հետո Իսրայելն ու Լիբանանը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց
Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտնել է, որ հարվածներ է հասցնում Լիբանանում «Հեզբոլլահի» թիրախներին, տեղեկացնում է The Times of Israel-ը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ներկայումս ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցնում Լիբանանում ահաբեկչական թիրախներին»:
Նշենք, որ ավելի վաղ «Հեզբոլլահի» զինյալները հրադադարից ի վեր առաջին անգամ երկու հրթիռ են արձակել Իսրայելի հյուսիսում: Նույն օրը Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու սարքը Լիբանանի հարավում գտնվող Մարջայուն քաղաքում հարվածել է մոտոցիկլետին, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ: Լիբանանի խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բերին հայտնել է, որ Իսրայելը 54 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Բերին կոչ է արել վերջ դնել հրադադարի խախտումներին և ստիպել Իսրայելին դուրս բերել իր զորքերը Լիբանանի տարածքից:
Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ «Հեզբոլլահի» կողմից գնդակոծումը հրադադարի ռեժիմի լուրջ խախտում է: Նա վստահեցրել է, որ Իսրայելը վճռականորեն կպատասխանի դրան:
«Մենք մտադիր ենք շարունակել ապահովել հրադադարի ռեժիմի պահպանումը և արձագանքել «Հեզբոլլահի»՝ հրադադարի կողմից ցանկացած խախտման»,- նշել է նա։