հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հիմնական պայքարը դեռ առջևում է. Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում

Հիմնական պայքարը դեռ առջևում է. Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում

Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ։ Նրանք կարծում են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած «ռուսական օրենքը» հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, Վրաստանի ժողովրդի կամքին, որ Վրաստանը դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, Վրաստանի ինքնիշխանության ապահովման երկարաժամկետ նպատակին, գրում է aliq.ge-ն: 

Կողմերը պնդում են, որ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նպատակը «Վրաստանի եվրոպական ապագան սպանելն է»։

«Վախեցած ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին, օգտագործելով ագրեսիվ պատգամավորական խումբը և բռնի ոստիկանական ստորաբաժանումը, փորձում է սպանել Վրաստանի եվրոպական ապագան, որին ընդդիմանում է համերաշխ, ուժեղ, միասնական վրացական հասարակությունը»,- նշված է հայտարարության մեջ։

Քաղաքական կուսակցություններն ասում են, որ հիմնական պայքարը դեռ առջևում է. «Չնայած այն հանգամանքին, որ «Վրացական երազանքն» առաջին ընթերցմամբ ընդունել է ռուսական օրենքը, հիմնական պայքարը դեռ առջևում է։ Մենք՝ Վրաստանի ժողովրդավարական, արևմտամետ քաղաքական կուսակցություններս, գիտակցում ենք այս պայքարում միասնական ջանքերի կարևորությունը և օրենքի երկրորդ ընթերցման օրվա համար հայտարարում ենք լիարժեք համակարգման և մոբիլիզացիայի մասին, որպեսզի մեր ժողովրդի հետ միասին ամեն ինչ անենք փրկելու համար երկրի եվրոպական ապագան:

Վրաստանի ժողովուրդը եղել է, կա և կլինի մեր երկրի եվրոպական և եվրատլանտյան ապագայի գլխավոր երաշխավորը, և այս ընտրության դեմ ցանկացած փորձ դատապարտված է անխուսափելի փլուզման։ Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին, ո՛չ ռուսական կառավարությանը»:

Հայտարարությունը տարածող քաղաքական կուսակցություններն են՝ «Ախալի», «Գիրչի- առավել ազատություն», «Դրոա», «Միացյալ ազգային շարժում», «Լելո», «Ռազմավարությունը Աղմաշենեբելի»:

Ընդգծենք՝ խորհրդարանը «ռուսական օրենքն» առաջին ընթերցմամբ ընդունել է ապրիլի 17-ին: Վրաստանի խորհրդարանի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ «գործակալների մասին օրենքի» 3-րդ եզրափակիչ լսումների հաշվարկային օրը մայիսի 17-ն է:

Նշենք, որ երեք օր անընդմեջ վրաց քաղհասարակությունն ու եվրոպական հեռանկարով մտահոգ քաղաքացիները բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց՝ ընդդեմ «ռուսական օրենքի»: Փաստացի՝ Ռուսթավելիի պողոտան երեկոյան 19:00-ից կաթվածահար էր լինում: Երեկ բողոքի ակցիան շարունակվել է Վրաստանի կառավարության շենքի մոտ, որտեղ մոբիլիզացված էին հատուկջոկատայիններ, ոստիկանական խումբ և ջրջան մեքենա: Ցուցարարները բողոքի ակցիան կշարունակեն նաև այսօր:

Քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն օրենքն անվանում է ռուսական և կարծում է, որ իշխող կուսակցության նպատակն է սահմանափակել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ աշխատող կազմակերպությունների իրավունքները և արգելափակել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։

Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի՝ դեպի Եվրամիություն առաջընթացի վրա։

  • Կիսվել: