ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հայտնի է՝ որքան կնվազեցնի ԱՄՆ-ն իր զորքերի թիվը Գերմանիայում. աղբյուր

Հայտնի է՝ որքան կնվազեցնի ԱՄՆ-ն իր զորքերի թիվը Գերմանիայում. աղբյուր

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հրամայել է մեկ տարվա ընթացքում Գերմանիայից դուրս բերել մոտ 5000 զինվոր: Այս մասին տեղեկացնում է AFP-ն՝ հղում անելով Պենտագոնի տվյալներին։ 

Նշվում է, որ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ամերիկյան կողմին մեղադրել է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմում ռազմավարություն չունենալու համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ պատասխանել է՝ կանցլերին մեղադրելով Իրանի միջուկային ծրագիրը սատարելու հարցում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ ԱՄՆ-ը քննարկում է Գերմանիայում իր զորքերի թիվը կրճատելու հարցը, և որ «որոշումը շուտով կկայացվի»։

Գերմանիայի կանցլեր Մերցը, արձագանքելով Թրամփի սպառնալիքին՝ Գերմանիայից իր զորքերի մի մասը դուրս բերելու վերաբերյալ, ասել է, որ Բունդեսվերը և ԱՄՆ-ի բանակն աշխատում են Գերմանիայի ռազմավարական կարևոր օբյեկտներում «ուս ուսի տված, խոր անդրատլանտյան համախմբվածությամբ», ու դա «փոխադարձ օգուտ» է:
 
Իր հերթին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն էլ հայտարարել է, որ Գերմանիայից 5000 ամերիկացի զինվորի դուրսբերման մասին հայտարարությունը կանխատեսելի էր և մատնանշել է ԱՄՆ-ի հետ ընդհանուր շահերը։

  • Կիսվել: