կիրակի, սեպտեմբեր 27
27 / 9 / 2026
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան

Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան

«Ռոսկոսմոսի» հայկական ծագմամբ տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը ոչ շուտ, քան 2027 թվականի գարնանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան՝ NASA-ի և SpaceX-ի Crew-14 առաքելության շրջանակում։Այս մասին հայտնում է ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը (NASA)։

Սա Կիվիրյանի առաջին թռիչքն է Միջազգային տիեզերակայան։ Երկարատև գիտական առաքելության շրջանակում նրան կմիանա ևս երեք տիեզերագնաց՝ երկու տարբեր տիեզերական գործակալություններից։

«NASA-ի տիեզերագնացներ Քայլա Բարոնը և Քրիս Բիրչը համապատասխանաբար կլինեն տիեզերանավի հրամանատարը և օդաչուն։ Նրանց կմիանան Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) տիեզերագնաց Մակոտո Սուվան և «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը՝ որպես առաքելության մասնագետներ։ Միջազգային տիեզերակայան հասնելուց հետո Crew-14-ի անձնակազմը կմիանա 75-րդ և 76-րդ արշավախմբերի անձնակազմերին», - հայտնում է NASA-ն։

Այս առաքելությունը կլինի SpaceX-ի հետ համատեղ իրականացվող կոմերցիոն անձնակազմի 14-րդ ռոտացիան՝ Երկրի ցածր ուղեծրի NASA-ի ծրագրի շրջանակում։ Անձնակազմը կիրականացնի գիտական հետազոտություններ և կփորձարկի տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն նախապատրաստվել Լուսնի և Մարսի ապագա հետազոտական առաքելություններին։

Քայլա Բարոնի համար սա կլինի Միջազգային տիեզերակայան երկրորդ առաքելությունը։ Նա NASA-ի տիեզերագնաց է 2017 թվականից։ Բարոնը համակարգային ճարտարագիտության բակալավրի աստիճան է ստացել Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմածովային ակադեմիայում, ապա՝ միջուկային ճարտարագիտության մագիստրոսի աստիճան՝ Անգլիայի Քեմբրիջի համալսարանում։

Բարոնը ԱՄՆ ռազմածովային ուժերում ունի հրամանատարի կոչում, որակավորված սուզանավային սպա է և երեք անգամ ծառայել է USS Maine սուզանավում։ Նա առաջին անգամ տիեզերակայան է մեկնել 2021 թվականին՝ որպես NASA-ի և SpaceX-ի Crew-3 առաքելության անդամ։ Ընդհանուր առմամբ նա 177 օր է անցկացրել տիեզերքում՝ մասնակցելով տիեզերակայան տանող 66-րդ և 67-րդ արշավախմբերին։ Բարոնը կատարել է երկու տիեզերական զբոսանք, ինչպես նաև մեկ այլ տիեզերական զբոսանքի ժամանակ ծառայել է որպես ռոբոտացված համակարգերի գլխավոր օպերատոր։ Վերջերս նա աշխատել է NASA-ի «Արտեմիս» ծրագրի համար նոր տեխնոլոգիաների և գործառնական հայեցակարգերի մշակման ուղղությամբ։

Քրիս Բիրչը NASA-ի տիեզերագնացների կորպուսում ընդգրկվել է 2021 թվականին։ Նա ավարտել է Թուսոնի Արիզոնայի համալսարանը՝ մաթեմատիկայի, կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաֆիզիկայի մասնագիտություններով։ Այնուհետև կենսաինժեներիայի դոկտորի աստիճան է ստացել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Ավելի ուշ դասավանդել է կենսաինժեներիա Ռիվերսայդի Կալիֆոռնիայի համալսարանում, ինչպես նաև գիտական աշխատանք և հաղորդակցություն՝ Փասադենայի Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։

Բիրչը մրցել է ԱՄՆ հեծանվավազքի ազգային հավաքականի կազմում և ընդգրկվել է 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի ԱՄՆ-ի ընդլայնված կազմի մեջ։ Նա ծառայել է որպես անձնակազմի հաղորդակցող՝ աջակցելով տիեզերագնացներին տիեզերակայանում և «Արտեմիս II» առաքելության ընթացքում։ Բիրչը եղել է 72-րդ արշավախմբի անձնակազմի ղեկավար՝ կապ պահպանելով առաքելության կառավարման թիմերի հետ և օգնելով համակարգել անձնակազմի ամենօրյա աշխատանքը։ Մասնակցել է նաև «Արտեմիս II» առաքելության նախապատրաստմանն ու իրականացմանը։ Սա կլինի նրա առաջինը թռիչքը տիեզերք։

Crew-14 առաքելությունն առաջինն է նաև Մակոտո Սուվայի համար։ Մինչև 2023 թվականին JAXA-ի կողմից տիեզերագնացի թեկնածու ընտրվելը Սուվան շուրջ մեկ տասնամյակ աշխատել է Համաշխարհային բանկի խմբում։ Նախկինում նա որպես կամավոր է աշխատել Ռուանդայում՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության ծրագրի շրջանակում, ապա միացել է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությանը։

Սուվան ունի երկրագիտության դոկտորի աստիճան Փրինսթոնի համալսարանում։ 2024 թվականին նա ավարտել է տիեզերագնացի որակավորում ստանալու համար անհրաժեշտ հիմնական ուսուցումը։

Հարություն Կիվիրյանը 2010 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Սուվորովի անվան ռազմական դպրոցը, այնուհետև սովորել Բալթյան պետական տեխնիկական համալսարանում։ 2015 թվականին նա ստացել է հրթիռային ինժեների գիտական աստիճան, ինչպես նաև անցել է համակարգչային կառավարմամբ հաստոցների շահագործման ուսուցում։

2021 թվականին Կիվիրյանն ընդգրկվել է Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների ուսումնական կենտրոնի տիեզերագնացների կորպուսում։ 2023 թվականից նա ծառայել է որպես փորձարկող տիեզերագնաց։

Ավելի քան 25 տարի մարդիկ անընդհատ ապրել և աշխատել են Միջազգային տիեզերակայանում՝ ընդլայնելով գիտական գիտելիքները և կատարելով այնպիսի հետազոտություններ ու հայտնագործություններ, որոնք հնարավոր չէր իրականացնել Երկրի վրա։

Տիեզերակայանն օգնում է NASA-ին հասկանալ և հաղթահարել մարդու՝ տիեզերք թռիչքի հետ կապված մարտահրավերները, ընդլայնել Երկրի ցածր ուղեծրում առևտրային գործունեության հնարավորությունները և հիմք ստեղծել Լուսին երկարաժամկետ առաքելությունների համար՝ «Արտեմիս» ծրագրի շրջանակում, ինչպես նաև Մարս ապագա առաքելությունների համար։

 

 

  • Կիսվել: