ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Համարում ենք ուղղակի սադրանք. ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին` «Սուրմալու»-ում պայթյունի համատեքստում ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ

Համարում ենք ուղղակի սադրանք. ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին` «Սուրմալու»-ում պայթյունի համատեքստում ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ

 

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ օգոստոսի 14-ին  «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի  համատեքստում մամուլում ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ:

«Վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնք հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ոնեցած ողբերգությանը ներգրավվածության համար։

Մենք սա համարում ենք ուղղակի սադրանք այն քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում, որոնց նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն, ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները։

Համապատասխան նոտան դեսպանատան կողմից ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Նշենք, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավվել է ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներին», - ասվում է ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։


 

  • Կիսվել: