Հալեպի բախումների նպատակը Թուրքիայի հետ խաղաղության բանակցությունների խափանումն է. PKK
Սիրիայում կառավարական ուժերի և քուրդ զինյալների միջև տեղի ունեցած բախումները Թուրքիայի և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջև խաղաղության հաստատման ջանքերը խափանելու փորձ են: Այս մասին հայտարարել է զինյալ խմբավորումը՝ բախումներն անվանելով մահացու, տեղեկացնում է Turkish Minute-ը։
PKK-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հալեպի քրդական թաղամասերի վրա հարձակումը և պետական պաշտոնյաների մոտեցումն ու վերաբերմունքը մեր շարժման նկատմամբ խաթարում են «Խաղաղություն և ժողովրդավարական հասարակություն» գործընթացը»։
Հիշեցնենք, որ բախումները սկսվել են անցյալ շաբաթ, երբ քրդերի փաստացի ինքնավար վարչակազմը և ուժերը Սիրիայի նոր կառավարությանն ինտեգրելու վերաբերյալ բանակցությունները փակուղի են մտել։
Կիրակի սիրիական ուժերը լիակատար վերահսկողություն էին հաստատել Հալեպում՝ քաղաքի քրդական թաղամասերը գրավելուց և տեղի մարտիկներին քրդական ինքնավար տարածքներ տարհանելուց հետո՝ մի քանի օր տևած մահացու բախումներից հետո։
Թուրքիան, որը Սիրիայում քուրդ մարտիկներին համարում է ահաբեկչական խմբավորում, որը կապված է PKK -ի հետ, և որն Անկարայի ու նրա արևմտյան դաշնակիցների կողմից սև ցուցակում է, գովաբանել է Սիրիայի գործողությունը՝ այն համարելով «ահաբեկչական կազմակերպությունների դեմ»։
«Հալեպում տեղի ունեցած հարձակումները կասկածի տակ են դնում մեր շարժման և Թուրքիայի միջև կնքված հրադադարը և դրա հիման վրա ընթացող «Խաղաղություն և ժողովրդավարական հասարակություն» գործընթացը։ Մենք առանց վարանելու և քաջությամբ կատարել ենք մեր պարտականությունները «Խաղաղություն և ժողովրդավարական հասարակություն» գործընթացում»,- հայտարարել է PKK-ն:
Խմբավորումը նաև կոչ է արել Թուրքիայի իշխող կուսակցությանը և նրա ազգայնական գործընկեր «Ազգային շարժում» կուսակցությանը՝ «զերծ մնալ գործընթացը խաթարող քայլերից»։


